
Սիրիայի քրդերն ու սիրիացի ապստամբները հրադադար են կնքել

Արաբական «Աս Սաֆիր» թերթի փոխանցմամբ՝ երեկ հրադադար է կնքվել Սիրիայի քրդերի ու Սիրիական ազատ բանակի դաշտային հրամանատարների միջև: Հրադադարը կնքվել է Թուրքիայի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ռաս-էլ-Այն քաղաքում:
Կողմերի միջև բախումները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, և այժմ նրանց հրադադար կնքելու հարցում համոզել է ընդդիմադիր գործիչ Միշել Կիլոն, ով հանդես է եկել միջնորդական առաքելությամբ:
Համաձայնագիրը նախատեսում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» (Հաղթանակի ճակատ) ծայրահեղական խմբավորման անդամները և Սիրիական ազատ բանակում նրա դաշնակիցները դադարեցնում են Ռաս-էլ-Այնի շրջափակումը, իսկ քրդերը նրանց թույլատրում են ազատորեն տեղաշարժվել քաղաքում (առանց զենքի) և անցնել իրենց պահակակետերով:
Երկու կողմն էլ առանց սահմանափակումների օգտվելու են Թուրքիայի սահմանը հատելուց: Ընթացիկ հարցերի կարգավորման համար ստեղծվելու է համատեղ կազմակերպչական կոմիտե: Չնայած նրան, որ ռազմական գործողությունները դադարեցվել են՝ Քրդական ազգային նախաձեռնությունների ղեկավար Օմար Օուսին կասկած է հայտնել, որ զինադադարը կլինի տևական:
Նա ընդգծել է, որ զինված բախումների պատճառը սիրիական ճգնաժամին թուրքական միջամտությունն է. «Բնակչությունը տեսնում է Թուրքիայից ներթափանցող օտարներին, որոնք իրենց գլխին թափված դժբախտությունների ու արդյունահեղության գլխավոր մեղավորներն են»:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ սիրիական ճգնաժամը կարելի է լուծել 1-2 ամսում, եթե դադարեցվի Թուրքիայից զինյալների ու զենքի մատակարարումը: