
«Ժառանգությունը» նյութեր է նախապատրաստում բողոքարկման գործընթացի համար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր համարում եք համագործակցությունը իշխանության հետ` հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները, ասաց. «Ես նշեցի, որ ժողովրդի կողմից տրված վստահությունը պետք է հաշվի առնեն իշխանությունները: Այո’, պատկերացնում եմ, որ այսօրվա կոալիցիայի շատ անդամներ լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ձևավորվող կառավարության մեջ, ոչ թե «Ժառանգությունը» կամ որևէ այլ կուսակցություն այս կոալիցիայի մաս կազմի: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից նաև նոր խորհրդարանական ընտրություններից հետո կձևավորվի նոր կոալիցիա, կարծում եմ, և այդ նոր կոալիցիան Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ աշխատանքներ կիրականացնի»:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ Ազատության հրապարակում կազմակերպվող հավաքները հաճախակի բնույթ կրեն, ինչպես ժամանակին անում էր ՀԱԿ-ը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես Րաֆֆի Հովհաննիսյանի նման պատասխանեմ` «Հնարավոր է», բայց նաև հնարավոր չէ, որ շատ երկարացվի: Մենք շատ արագություն կստանանք»:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է` իշխանությունների կողմից ՀՀ կառավարությունը ղեկավարելու մասին առաջարկ ստանալու դեպքում ընդունեն այն, «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, թե այս պահին չունեն լեգիտիմ ձևավորված իշխանություն, և տվյալ հարցի ադեկվատ պատասխանը կլինի լեգիտիմ իշխանություն ձևավորելուց հետո:
«Ես նաև ուզում եմ ավելացնել, որ մենք հիմա նյութեր ենք նախապատրաստում որոշակի բողոքարկման գործընթացի համար»,- նշեց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: