Դիտորդները պնդում են, որ լցոնում է եղել. մյուսներն անտեղյակ են
Արարատի մարզի 17/05 տեղամասում կատարված լցոնման դեպքին արդեն անդրադարձել ենք: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանը և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ Նարինե Էսմայելը մեր թղթակցի հետ զրույցում պնդել են, որ 25-30 երիտասարդներ են մուտք գործել տեղամաս ու 300-500 քվեաթերթիկ լցրել քվեատուփի մեջ: Նրանք «Հետքի» լրագրողին ցույց են տվել նաեւ վերջին ծրարները՝ նշելով, որ դրանք գցվել են հենց կեղծարարների կողմից:
ՏԸՀ նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Դավթյանը նշել է, որ դեպքը եղել է 14:30-ի սահմաններում, սակայն ինքը տեղամասում չի եղել: Մասնագիտությամբ բժիշկ Դավթյանը, իր խոսքերով, գնացել էր հարեւան շենք՝ սկեսրոջը սրսկելու: Այդ ընթացքում նա իր պարտականությունները հանձնել է ՏԸՀ քարտուղար Անահիտ Սուլթանյանին: Ն. Դավթյանը նշել է նաեւ, որ բացի այդ երկու դիտորդներից, մյուս բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր հանձնաժողովականները, վստահեցնում են, որ այդպիսի բան չի եղել: Ըստ նրա՝ ինքը չգիտի, թե ում հավատա, սակայն հակված է հավատալու մեծամասնությանը:
Կոստյա Հովհաննիսյան | Արմինե Սարոյանը և Հրանուշ Մարտիրոսյանը |
Թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձ Արմինե Սարոյանը հայտնել է, որ շուրջ 20 հոգի ներս են մտել, սակայն ինքը չի նկատել, թե ինչ են արել, քանի որ աժիոտաժ է եղել: «Ժառանգության» ներկայացուցիչ Հրանուշ Մարտիրոսյանն էլ է ասել, որ ոչ մի բան չի նկատել, քանի որ գրանցամատյանն է լրացրել, բացի այդ՝ աղմուկ է եղել: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կոստյա Հովհաննիսյանն էլ պատմել է, որ տեղամասի ներսում չի եղել, գնացել էր ընդմիջման:
ՏԸՀ նախագահ Նաիրա Դավթյանը «Հետքին» հայտնել է, որ 2014 ընտրողից այս պահին մասնակցել է 1305-ը: Նա պնդել է, որ քվեատուփում թերթիկները թիվը համապատասխանում է այս վերջին թվին: Իսկ դիտորդ Արտակ Համբարձումյանն էլ նշում է, որ միջադեպից հետո այլեւս չեն փորձել վերահսկել, քանի որ ամեն ինչ անիմաստ է: Նա շեշտել է, որ կեղծարարներից առնվազն երկուսը մինչ այդ որպես Ս. Սարգսյանի վստահված անձ էին նույն տեղամասում: Ըստ Համբարձումյանի՝ երբ իրենք մեկ-երկու անգամ կանխել են կրկնակի քվեարկության փորձը, այդ անձինք դիմել են բիրտ ուժի:
Նարինե Էսմայելը պնդել է նաեւ, որ ինքը ոստիկաններին որեւէ պարզաբանում չի տվել: Փոխարենը իրավապահներին դեպքի մասին պատմել է Ա. Համբարձումյանը: Նշենք, որ տեղեկատվություն տարածվեց, թե իբր Նարինեին տարել են ոստիկանություն: