
Արաբկիրում ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություները չեն հաստատվել

ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից 2013թ. փետրվարի 16-ին հրապարակված ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ամփոփագրում նշվել էր` Արաբկիր վարչական շրջանում ընտրակաշառք բաժանելու մասին:
Ըստ ամփոփագրի` նշված վարչական շրջանի բնակիչներից մեկը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի կողմից ընտրակաշառք է բաժանվում:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հարցում է ուղարկվել ՀՀ Նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբ` հրապարակված տեղեկության վերաբերյալ տվյալներ ներկայացնելու համար:
Նախագահի թեկնածուի նախընտրական շտաբից տրված պատասխանի համաձայն` նշված տեղեկությունը ստացվել է նախընտրական շտաբում, սակայն կոնկրետ արձանագրված չէ ստացման եղանակը, ժամանակը, և տեղեկությունը հայտնած անձի տվյալները չունեն:
Անհայտ բնակչի ինքնությունը և տեղեկության հավաստիությունն ստուգելու ուղղությամբ ոստիկանության բաժնի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, սակայն հնարավոր չի եղել պարզել տեղեկություն հայտնած անձի ինքնությունը, և Ա. Սարգսյանի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք չի հայտնաբերվել:
Բացատրություն է տվել նաև Ա. Սարգսյանը` նշելով, որ երբևէ ընտրակաշառք չի բաժանել և հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նախապատրաստված նյութերով Ա. Սարգսյանի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք չի հայտնաբերվել:
«Փաստինֆո»