
«Այ քույրիկ ջան, մենք պռոստո հավաքվել ենք ստեղ, բան չենք անում»

Սարի թաղի 13/03 ընտրական տեղամասում կաշառք են բաժանում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Սարի թաղի բնակիչ, թոշակառու Մկրտչյան Շուրան:
«Բոլորը հավաքում, բերում ու կեղծում են: Տանում են փողերը բաժանում են, անձնագրերի համարները վերցնում են: էրեբունի մասիվում էլ են բաժանում: Մեքենաներով էլ են բերում մարդկանց անձնագրերի համարները վերցնում են և ուղեկցում ընտրատեղամաս, խայտառակություն է»,-նշեց Շուրա Մկրտչյանը:
Քաղաքացիներից մեկն էլ մեզ հայտնեց, որ կաշառք են բաժանում Սարի թաղի թիվ 70 դպրոցում` 13/05,13/06 ընտրատեղամասերում։
Ընտրական տեղամասի բակում անսովոր ակտիվություն էր տիրում: Երբ մոտեցանք պարզելու, թե ինչ է կատարվում, հավաքված տղամարդիկ, որոնց թիվը հասնում էր 20-ի , շատ արագ հեռացան:
Մեր այն հարցին, թե ինչու են հավաքվել ընտրատեղամասի բակում, ասացին, որ իրենց կանանց են սպասում: Իսկ երիտասարդներից մեկն էլ, ասաց, որ ոչ մի ընտրակաշառք էլ չի բաժանվել, իրենք պարզապես հավաքվել են, որպեսզի կանանց և տատիկներին ուղեկցեն մինչև ընտրատեղամասի դուռը;
«Այ քույրիկ ջան, ինչ կաշառքի մասին ես ասում, էդ որ քաղաքացին ա տենց բան ասել, անուն -ազգանունը կասե՞ս: Մենք պռոստո հավաքվել ենք ստեղ, բան չենք անում»,-ասաց նա։
Ի դեպ, ընտրատեղամասի ներսը գրեթե դատարկ էր։
13/05 ընտրական տեղամասի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Ալբեր Գալստյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ բակում կուտակումներ լինում են, սակայն դրանով հանձնաժողովի նախագահը կամ անդամները չեն կարող զբաղվել, դա ոստիկանների գործն է: Մեր այն հարցին, իսկ ուր են ոստիկանները, պարոն Գալստյանն ասաց, որ սենյակում նստած են:
Հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, որ ընտրողները բավականին ակտիվություն են ցուցաբերում, ընտրախախտումներ դեռ չեն գրանցվել, ամեն ինչ շատ հարթ է ընթանում: