Էպոսագետը կարծում է, որ իրեն չեն ձերբակալի
Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ընտանիքի անդամների՝ կնոջ, աղջկա և որդու հետ, ժամը 12։10-ին քվեարկեց թիվ 3/30 ընտրատեղամասում: Թեկնածուն առանձնապես հակված չէր լրագրողների հետ շփվելու, միայն նշել է, որ քվեարկության է եկել հաղթական տրամադրությամբ և վստահ է իր հաղթանակին: Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ օգտին է նա քվեարկել, թեկնածուն պատասխանել է. «Շատ հումորով եք»:
Իսկ 168.am-ի հարցին, թե արդյո՞ք նախկինի պես այն կարծիքին է, որ ընտրություններից հետո՝ փետրվարի 22-23-ին, իրեն կձերբակալեն Պարույր Հայրիկյանի գործով, Վարդան Սեդրակյանը զայրացել է. «Մի քիչ լրջացեք, օրիորդ»։ Լրագրողի դիտարկմանը, թե ի՞նչ անլրջություն կա հարցի մեջ, այն դեպքում, երբ ինքն է օրեր առաջ այդ մասին հայտարարել, էպոսագետը պատասխանել է, թե ինքը հուլիսից սկսած՝ 1700 բան է հայտարարել:
Ավելի ուշ անդրադառնալով նույն հարցին՝ էպոսագետը լրագրողներին ասել է, թե այդ գործով անհաջող մարդկանց էին ձերբակալել, և իրեն դժվար է կապել այդ գործի հետ: «Ես ուղղակի ասել էի, որ մի բան է՝ ինչ են ծրագրում, մի բան է՝ ինչ կստացվի: Չէ, չէ… առավելագույնը՝ միգուցե երևի հարցեր առաջանան, հրավիրեն հարցաքննության, բայց էդ էլ դժվար»,-հայտարարել է Վարդան Սեդրակյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործով կան երկու ձերբակալվածներ, ովքեր նախկինում առնչություն էին ունեցել Վարդան Սեդրակյանի հետ: Դրանից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ իբրև միակ ընդդիմադիր թեկնածու իշխանություններն իրեն են ընտրել՝ որպես թիրախ, և ընտրություններից հետո իրեն կձերբակալեն: