Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը Սերժ Սարգսյանին
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 10/06 ընտրատեղամաս էր եկել ոտքով: Նա ճանապարհին ձեռքսեղմումներով բարևեց Մարաշի բնակիչներին, ապա մոտեցավ ընտրատեղամասի հարևանությամբ գտնվող մի տան, որտեղ շների հաչոցներ էին լսվում: Նա քվեարկության եկավ միայնակ՝ առանց ընտանիքի անդամների: 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է միայնակ եկել քվեարկության՝ առանց ընտանիքի անդամների, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ` ընտանիքի անդամները ներկա են, այս պարտքը ես կատարում եմ` որպես Հայաստանի քաղաքացի: Դուք կտեսնեք, որ շատ շուտ թե’ Արմենուհին, թե’ բոլոր մեր գերդաստանի ներկայացուցիչներն իմ կողքին կլինեն և իմ նման ձեր առջև հաշվետու կլինեն: Եվ դուք այդ հարցերն իրենց կտաք»: Թեկնածուի խոսքով` հայ ժողովուրդը վերջապես 20 տարվա ընթացքում պետք է նշի իր հաղթանակը: «Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը նշում է իր ոգու և ճշմարտության արշալույսը: Մենք արշալույսի մեջ ենք: Մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ օրն է այսօր, և սա այն օրն է, երբ ժողովուրդը վերջապես 20 տարվա ընթացքում առաջին անգամ պիտի նշի ոչ թե ինչ-որ մեկի հաղթանակը, այլ իրեն պատկանող ընտրությունների արդյունքները»,- ասաց Ր. Հովհաննիսյանը, ում խոսքով` եղել է մրցունակ պայքար: Այնուհետև թեկնածուն դիմեց իր, ինչպես ինքն ասաց` հիմնական մրցակից Սերժ Սարգսյանին: «Ավելի հերոսական, քան այն մեծ ավանդը, որ ինքն ունեցել է Արցախյան ազատամարտում` կլինի ժողովրդի հաղթանակի իր ընդունումը: Դա ամենամեծ պետական, ազգային և քաղաքացիական ինքնագնահատականը կլինի և հարգանքը ժողվորդի նկատմամբ: Եվ հիմա փողի, կաշառքի, սպառնալիքների, ցուցակների, բազմակի քվեարկության տեղեկատվության և անգամ ապացուցված լուրերի ֆոնին` վերջին անգամ կոչ եմ անում` իր իրավասության, իր ենթակայության տակ աշխատող շտաբի պետերին, մարզպետներին, գյուղապետերին, քաղաքապետերին, բոլոր ենթականերին հետ կանչել այդ հակահայկական, հակասահմանադրական և հակաժողովրդական գործելաոճից, որովհետև այս անգամ ոչ մի բան ժողովրիդն հետ չի պահելու իրեն պատկանող հաղթանակից»,- ասաց Ր. Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ` քարոզարշավը չի եղել հավասար պայմաններում: Թեկնածուի խոսքով` արդեն լուրեր են տարածվել, որ կնիքները թաց անձեռոցիկի օգտագործմամբ մաքրվում են: «Ի՞նչ է այդ անձեռոցիկի անունը…թաց սալֆետկաների համապատասխան օգտագործմամբ, էդտեղ մյախկի զնակ չկա, բայց էլի խնդիր ունեմ,անմիջապես ջնջվում են»,- ասաց թեկնածուն: