ՀՀ ոստիկանության հայտարարությունը ընտրակաշառք բաժանելու մասին ԶԼՄ-ներում տարածված հաղորդումների վերաբերյալ (տեսանյութեր)
ՀՀ Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինականության ապահովման, իրավախախտումների և, հատկապես, ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների դեմ ուղղված ոտնձգություների նախականխման, կանխման և խափանման, ինչպես և այդպիսի իրավախախտումներ կատարած անձանց հայտնաբերման նպատակով ՀՀ ոստիկանությունը շարունակում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
2013 թ. հունվարի 21-ից մինչ օրս նախընտրական գործընթացի շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց ու ԶԼՄ-ների կողմից ներկայացված, ինչպես և ոստիկանության ամենօրյա գործառույթների իրացման արդյունքում ստացված ավելի քան 7 տասնյակ առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ իրականացվել և ներկայումս շարունակում են իրականացվել ստուգողական գործողություններ:
Վերջին օրերին մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում սկսել են բավական ինտենսիվ տեղեկություններ հայտնվել այն մասին, թե ՀՀ այս կամ այն բնակավայրում կամ թաղամասում ընտրողներին ընտրակաշառքներ են բաժանվում: ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումներն օպերատիվ կերպով արձագանքել են այդ հաղորդումներին և առավելագույն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող հասանելի և օրինական բոլոր միջոցները հաղորդումներում նշված փաստերի իսկությունը ճշտելու համար:
Իրավական ընթացակարգերով նախատեսված ստուգումների արդյունքում դեպքերի գերակշռող մեծամասնությամբ պարզվել է, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկությունները եղել են կամ չկոնկրետացված խոսակցությունների (ասեկոսեների) վերարտադրության հետևանք, կամ հաղորդում ներկայացրած անձանց ենթադրությունների արդյունք, կամ էլ ունեցել են այնքան ընդհանրական բնույթ, որ որոշակի փաստերի կամ անձանց վերաբերյալ ողջամիտ տվյալներ չեն պարունակել, իսկ մի շարք դեպքերում հաղորդում ներկայացրած անձինք հրաժարվել են տրամադրել իրենց վկայակոչած փաստերը հաստատող նյութեր կամ այլ կերպ համագործակցել իրավասու մարմինների հետ:
Այսպես, Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Հրանտ Մկրտչյանը նախագահի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե գյուղում 5000 դրամ կաշառք են բաժանում, սակայն հետագայում, ի պատասխան ոստիկանության աշխատակիցների հարցմանը, պնդել է, թե Օշական գյուղում նման դեպք չի եղել, իսկ ինքը ընտրակաշառքի մասին տեղեկացել է ընդհանուր խոսակցություններից:
Ինչ վերաբերում է ոստիկանության հետ չհամագործակցելու դեպքերին, ապա այս առումով հատկանշական են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Գալա» հեռուստաընկերության օրինակները, երբ սոցիալական ցանցում կամ հեռուստաեթերում ընտրակաշառքներ բաժանելու մասին բարձրաձայնող անձինք հետագայում պարզապես հրաժարվել են իրավապահ մարմիններին նյութեր կամ այլ տեղեկություններ տրամադրել իրենց կողմից վկայակոչվող փաստերի վերաբերյալ:
Բարձր գնահատելով օրենսդրության պահանջների պահպանմանը, ինչպես և իրավախախտումների բացահայտմանն ուղղված մեր քաղաքացիների, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվությունն ու ցուցաբերած ջանքերը, ՀՀ ոստիկանությունը միաժամանակ հորդորում է բոլորին ցանկացած իրավախախտման, այդ թվում՝ ընտրակաշառքներ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներում նշել կոնկրետ կամ որոշակի փաստեր կամ նմանատիպ հաղորդումներ ներկայացնելուց հետո աջակցել ոստիկանությանը համապատասխան տեղեկությունների արժանահավատությունը կամ դրանց աղբյուրների օրինականությունը ստուգելու հարցում:
Բոլոր դեպքերում ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելու համար ՀՀ ոստիկանությունն այսուհետ ևս շարունակելու է ձեռնարկել իր իրավասության մեջ մտնող բոլոր օրինական և անհրաժեշտ միջոցները, ընդհանուր նպատակի իրականացման գործում ակնկալելով ֆիզիկական անձանց, ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների օժանդակությունն ու համագործակցությունը:
ՀՀ Ոստիկանություն