
Հնարավոր է՝ Հռոմի նոր պապին ավելի շուտ ընտրեն

Վատիկանի ղեկավարությունը քննարկում է Հռոմի նոր պապի ընտրության համար նախատեսվող կարդինալների հավաքն անցկացնել ավելի վաղ, քան նախատեսված էր: Բենեդիկտոս XVI-ը Հռոմի պապի գահը կթողնի փետրվարի 28-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է, որ քննարկվում է պապ ընտրելու կանոնները փոխելու ու ավելի վաղ ընտրություն անցկացնելու հարցը: Կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին կընտրի 117 կարդինալներից բաղկացած կանկլավը: Գործող կանոններով կարդինալների հավաքը պետք է տեղի ունենա մարտի 15-ից ոչ շուտ` այժմյան Պապի գահը թողնելուց 15-20 օր հետո:
Լոմբարդիի խոսքով, մի քանի կարդինալներ առաջարկել են արագացնել կանկլավի անցկացումը, քանի որ իրենք գիտեին Բենեդիկտոս պապի հրաժարականի մասին եւ բավական ժամանակ ունեին Վատիկանում հավաքվելու համար: «Հնարավոր է անգամ հրաժարականից մեկ օր հետո Վատիկանը պատրաստի կարդինալների առաջարկի փաստաթուղթը»,- հայտարարել է Լոմբարդին: Հավաքը պետք է տեղի ունենա մինչեւ Զատիկի կիրակին` մարտի 31-ը:
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ-ը գահից հրաժարվելու հայտարարություն արեց` պատճառաբանելով առողջական վիճակն ու տարիքը: Նա նշեց, որ դրանից հետո շատ ժամանակ կհատկացնի աղոթքներին, մտածմունքներին և գրքեր գրելուն: