Հայաստանից բացակայում է 1.2 մլն ընտրող
ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց Հայաստանից հեռացած ընտրողների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ ստացված տվյալների՝ Հայաստանից բացակայում է 1 մլն 260 հազար ընտրող: Արման Մելիքյանը նշեց, որ այժմ Հայաստանում կա 1 մլն 250 հազար ընտրող: Նրա հաշվարկներով, եթե վերջին հրապարակված սոցիոլոգիական հարցումները նշում են մասնակցության 56 տոկոս, դա նշանակում է, որ առաջիկա նախագահական ընտրություններին առավելագույնը պետք է ներկայանա 800-850 հազար ընտրող: Նախագահի թեկնածուն ասաց, որ իրենց ուսումնասիրությունների համար օգտագործել են պաշտոնական, ինչպես նաև՝ «Ժողովրդավարությունը և ընտրություններին աջակցությանը» միջազգային ինստիտուտի տվյալները: Նրա խոսքերով, կիրառել են նաև համեմատական մեթոդաբանություն այլ պետությունների հետ: Արման Մելիքյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունը հիմնավոր է, և իրենք օգտագործել են իրենց ունեցած առավելագույն հնարավորությունները: «Մեր ներկայացրած տեղեկանքը հիմք է գուցե՝ բանավեճի համար, գուցե՝ լրացուցիչ ճշգրտումների համար, բայց, այնուամենայնիվ, այն բավական հիմնավոր է»,- նշեց թեկնածուն:
168.am-ի հարցին՝ եթե ընտրություններին մասնակցի հենց 800-850 հազար ընտրող, թեկնածուն ընտրություններն օրինական և իրավաչափ կհամարի՞, Արման Մելիքյանը պատասխանեց, որ ամենակարևորն ընտրողների թիվն էր, սակայն, եթե ընտրողների թիվը մոտ լինի իր կանխատեսածին, դա չի նշանակում, որ ընտրությունների ընթացքում չեն օգտագործվի կեղծման այլ մեթոդները՝ ընտրակաշաք, վարչական ռեսուրսի կիրառում և այլն: «Սա ամենախոշոր հարցն է, մնացյալն ընտրությունների արդյունքում վեր հանվելիք խնդիրներ էին: Ես պարզապես խոսում էի այն խոշորագույն բացի մասին, որը լրացնելուց հետո իրապես իմաստ կունենար անդրադառնալ մնացածին»,- ասաց նախագահի թեկնածուն:
Նա բացատրեց, թե ինչու է ընտրատեղամասերում հրաժարվել վստահված անձինք ունենալու հնարավորությունից: Արման Մելիքյանի համոզմամբ, նախ՝ վստահված անձ ունենալով, կնշանակի՝ ընդունել ընտրությունները, երկրորդը՝ վստահված անձը չի կարող ընտրատեղամասում կանխել այն ընտրակեղծիքները, որոնք կապված կլինեն Հայաստանից բացակայող ընտրողների հետ:
Խոսելով հետընտրական իրավիճակի մասին՝ Արման Մելիքյանը նշեց, որ իշխանությունը կվերարտադրվի, երկրում կստեղծվի բարդ իրավիճակ, սակայն խոսքը ոչ թե բախումների և ցնցումների մասին է, այլ հոգեբանական և քաղաքական ճգնաժամի:
Արման Մելիքյանի բնորոշմամբ, անգամ կեղծված ընտրությունների պարագայում երկրում կլինի իշխանություն՝ լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ` որը տնօրինելու է երկրի ներքին և արտաքին գործերը: «Կշնորհավորի՞ արդյոք ընտրված նախագահին» հարցին էլ Արման Մելիքյանը պատասխանեց. «Կարող եմ շնորհավորել այդ աթոռում հաստատվելու կապակցությամբ, բայց ոչ՝ ընտրվելու կապակցությամբ»: