
11 ամսում Իրանը նավթարդյունահանման ոլորտում ներդրել է 18 միլիարդ դոլար

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանն ընթացիկ տարում (մեկնարկել է 2012 թվականի մարտի վերջերից) 18 միլիարդ դոլար է ներդրել նավթարդյունահանման ոլորտում: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության (NIOC) պաշտոնական ներկայացուցիչ Աբդոլմոհամեդ Դելփարիշը:
Վերջինիս խոսքերով` ներդրումների 70-75 տոկոսը բաժին է ընկել համատեղ նավաթահանքերին ու գազահանքերին: Դեռևս փետրվարին NIOC-ի տնօրեն Ահմադ Գալեբանին հայտարարել էր, որ իրանական ընթացիկ տարում Իրանի նավթային եկամուտները կազմել են 110 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է Իրանի նավթային արդյունաբերության պատմության ընթացքում:
Գալեբանին հավելել էր, որ նախորդ տարի Իրանի նավթարդյունահանման ոլորտում ներդրվել է 22.6 միլիարդ դոլար: Ներկայումս իրանական նավթի օրական վաճառքի ծավալի կազմում է 1.03 միլիոն բարել: Մինչդեռ Իրանը նպատակադրվել է այդ ցուցանիշը հասցնել մինչև օրական 2.5 միլիոն բարելի: