Գաբալայի ՌՏԿ-ից ռուսական գույքի դուրս բերումը կպահանջի ամիսներ. Դորոխին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` մոտակա օրերին ռուս-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովը կավարտի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանում գույքագրման գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը.
«Կայանը պատկանում է Ադրբեջանին, և մենք պետք է այն վերադարձնենք նույն վիճակով, որով այն ստացել ենք 2002 թվականին: Սակայն դրանից հետո այստեղ բերվել են սարքավորումներ, ավտոմեքենաներ, սանիտարական տեխնիկա, հոսպիտալ, և մենք իրավունք ունենք այդ ամենը դուրս բերել այստեղից: Այժմ աշխատանք է տարվում, թե Ռուսաստանը ինչ կարող է իր հետ տանել և ինչ կարող է թողնել Ադրբեջանում:
Աշխատանքն ընթանում է կառուցողական հունով և մոտ ժամանակներս այն կավարտվի և կսկսվի գույքի պլանային դուրս բերումը: Ենթադրում եմ, որ գույքի դուրս բերումը կպահանջի մի քանի ամիս»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն 10 տարով վարձակալել է 2002 թվականին և տարեկան Ադրբեջանին վճարում էր 7 միլիոն դոլար: Նախորդ տարվա դեկտեմբերին այդ պայմանագրի սպառվելու պատճառով Ռուսաստանը ցանկանում էր այն երկարաձգել մինչև 2025 թվականը, սակայն ադրբեջանական կողմը մոտ 43 անգամ բարձրացրեց վարձավճարի չափ՝ այն հասցնելով մինչև տարեկան 300 միլիոն դոլարի: Այժմ ադրբեջանական կողմը պլանավորել է գոլֆի ակումբ բացել Գաբալայի ՌՏԿ-ի տարածքում: