Գազային ոլորտում համագործակցելը մեծապես շահավետ է թե´ Իսրայելի, թե´ Թուրքիայի համար. Թաներ Յըլդըզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մեկնաբանել է մամուլում շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե Թուրքիան մտադիր է գազ ներկրել Իսրայելից և այդ նպատակով պետք է կառուցվի խողովակաշար.

«Թուրքիայի ու Իսրայելի միջև առկա են քաղաքական տարաձայնություններ, ինչի համար էլ անհնար է նրանց համագործակցությունը իսրայելական գազ Թուրքիային մատակարարելու և Իսրայելից գազատար կառուցելու հարցում:

Քանի դեռ Իսրայելը չի կատարել «Ազատության նավատորմի» միջադեպից հետո Թուրքիայի ներկայացրած պահանջները, որևէ խոսք չի կարող գնալ էներգետիկ ոլորտում Թուրքիայի ու Իսրայելի միջև համագործակցության մասին:

Տվյալ նախագիծը հանդիսանում է շատ շահավետ թե´ Իսրայելի, թե´ Թուրքիայի համար: Սակայն Թուրքիան կարող է գնալ այդ համագործակցությանը միայն այն դեպքում, եթե Իսրայելը կատարի Թուրքիայի բոլոր պահանջները»:

Հիշեցնենք, որ իսրայելական ու թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Թուրքիան ու Իսրայելը գաղտնի բանակցում են Հայֆա քաղաքից 130 կիլոմետր հեռավորության վրա ընկած, Միջերկրական ծովում գտնվող «Լևիաֆան» գազային հանքավայրից գազի ներկրման շուրջ: Այդ նպատակով պետք է Միջերկրական ծովով կառուցվի գազատար, ինչը գնահատվում է 2 միլիարդ դոլար: Նախագծի իրագործման դեպքում Թուրքիան Իսրայելից տարեկան կներկրի 8-10 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ի դեպ, Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար երեք նախապայման է ներկայացրել այդ երկրին. 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի համար ներողության խնդրում, այդ միջադեպի ժամանակ զոհվածների ու վիրավորների ընտանիքներին փոխհատուցման վճարում և Գազայի հատվածի շրջափակման վերացում:

Տեսանյութեր

Լրահոս