Լևոն Զուրաբյան. Ժողովրդի մեջ խորհրդային տարիներից մնացել է կարծրատիպ, «ալերգիա կուսակցականության նկատմամբ»
Խորհրդանշական է, որ Տիգրան Առաքելյանը, ինչպես հազարավոր անկուսակցականներ, որոշել է նույնպես ընդունվել նոր ստեղծվելիք «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն: Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
«Ես խորհրդանշական եմ համարում, որ այսօր միակ քաղբանտարկյալը, այն մարդը, որը հինգ արդեն տարի մեզ հետ պայքարում է Հայաստանում ժողովրդավարության, ազատության համար, միանում է ՀԱԿ կուսակցությանը: Խորհրդանշական եմ համարում, որովհետև իրականում սա չի լինելու կուսակցություն, այլ՝ ֆորմալ կերպով ձևակերպվելով որպես կուսակցություն, շարունակելու է մնալ համաժողովրդական շարժում, դիմադրության միակ կենտրոնը Հայաստանում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Վերջինս շեշտեց, որ «դիմադրություն» ասելով նկատի ունի հետևյալը. «Սերժ Սարգսյանն այսօր մի բանի մասին է երազում. այնպես անել, որ Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չլինի, որը կարող է մարտահրավեր նետել իր իշխանությանը: Ինքը ցանկանում է ոչ միայն վերահսկել իշխանության կառույցները, այլև՝ ընդդիմությունը: Սա իր երազանքն է: Այս առումով այն համաժողովրդական շարժումը, որը մենք ունենք արդեն հինգ տարի շարունակ, իսկապես չհանձնված, չկաշառված, չհաշտված մարդկանց հավաքականությունն է, որը պայքարելու է մինչև վերջ»:
Լևոն Զուրաբյանի խոսքով, ժողովրդի մեջ խորհրդային տարիներից մնացել է կարծրատիպ, «ալերգիա կուսակցականության նկատմամբ», ինչը պետք է այս գործընթացով ջարդվի: Նա նշեց, որ ՀԱԿ կուսակցությունը չի լինելու մարդուն իր ազատություններից կամ անհատականութունից զրկող կառույց: «Կներեք, բայց մենք ստեղծում ենք իսկապես դեմոկրատական կուսակցություն, այնպիսի կուսակցություն, ինչպիսիք գործում են դեմոկրատական աշխարհում: Ուրեմն, լծվենք այս գործընթացին, որովհետև ինչքան շուտ մենք կարողանանք այս կառույցը ստեղծել, այնքան շուտ մենք կկարողանանք անցնել վճռական պայքարի այս ռեժիմի դեմ»,- հայտարարեց պատգամավորը: