Թուրքիան գազի ներկրման շուրջ գաղտնի բանակցություններ է վարում Իսրայելի հետ

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ իսրայելական երկու խոշոր թերթեր ուշագրավ հրապարակումներ են ներկայացրել՝ կապված Թուրքիայի հետ, որը թուրքական թերթի բնորոշմամբ՝ «սառը պատերազմի» մեջ է Իսրայելի հետ:

Մասնավորապես, իսրայելական Haaretz թերթը գրել է, որ Թուրքիայի խոշորագույն հոլդինգներից Zorlu Grub-ը բանակցություններ է վարում իսրայելական գազ Թուրքիա ներկրելու համար, իսկ Yedioth Ahronot թերթն էլ գրել է, որ Անկարան պատրաստվում է գազամուղ կառուցել Իսրայելից, ինչը գնահատվում է 2 միլիարդ դոլար:

Haaretz-ի պնդմամբ՝ Zorlu Grub-ը բանակցություններ է սկսել իսրայելական կողմի հետ՝ Իսրայելի Հայֆա քաղաքից 130 կիլոմետր հեռավորության վրա ընկած, Միջերկրական ծովում գտնվող «Լևիաֆան» գազային հանքավայրից գազի ներկրման շուրջ: Նախագծի իրագործման դեպքում Թուրքիան Իսրայելից տարեկան կներկրի 8-10 միլիարդ խորանարդ մետր գազ:

Իսկ Yedioth Ahronot թերթն իր հերթին գրել է, որ Իսրայելը ցանկանում է Միջերկրական ծովում արդյունահանվող գազը վաճառել Եվրոպային և Թուրքիայի էներգետիկայի նախարարությանն առաջարկել է խողովակաշար անցկացնել՝ իսրայելական գազը Միջերկրական ծովով Թուրքիա հասցնելու համար:

Թերթի տվյալներով՝ Իսրայելն ու Թուրքիան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկու անգամ գաղտնի բանակցել են տվյալ խնդրի շուրջ, և թուրքական պատվիրակությունը հավանության է արժանացրել այդ խողովակաշարի անցկացման նախագիծը: Վերջինս գնահատվում է 2 միլիարդ դոլար, որի մեծ մասն ընկնելու է Անկարայի ուսերին:

Տեսանյութեր

Լրահոս