Այս ընտրարշավը պատմության գրկում կմնա

«Այս ընտրարշավը պատմության մեջ կմնա գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ «90 տոկո՞ս խփեմ, թե՞ 100 տոկոս» հայտարարությամբ: Սրանից արտառոց բան հենց ընտրարշավի ժամանակ եղե՞լ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը համաձայնեց Վիգեն Խաչատրյանի տեսակետին՝ աննախադեպ համարելով նախագահի նշյալ հայտարարությունը՝ ավելացնելով, որ ակնհայտ իրականությունը հայտարարվեց հենց թեկնածուի կողմից:

Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն անդրադառնալով Վ. Խաչատրյանի դիտարկմանը, նշեց.  «Հումորով ասած արտահայտությունը դարձնում են քաղաքական հնչեղությամբ հայտարարություն: Դուք կասկածո՞ւմ եք, որ նախագահը նման արտահայտություն լրջորեն չէր ասի: Ես չեմ կասկածում: Եթե ելույթի ամբողջական տարբերակն ընթերցեք, կտեսնեք, որ հումորային արտահայտություն էր»:

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ վախի մթնոլորտ չի տեսնում և, ընդհակառակը՝ կարծում է, որ քարոզաշավի ընթացքն ազատ է  անցնում: «Եղել են դեպքեր, որ քարոզարշավի ընթացքը փորձել են խանգարել, սրություն հաղորդել, որ ընտրություններից հետո խոսելու բան լինի: Բայց դրանք, կարծում եմ՝ կպարզաբանվեն: Բայց ընդդիմադիր ուժերին քարոզարշավի այս ընթացքը ձեռնտու չի լինի, որովհետև Սերժ Սարգսյանն՝ իր իմիջով, ծրագրերով, խոսքի պրագմատիզմով, ալտերնատիվ չունի: Կոնկրետ այս ընտրություններում հնարավոր չէ, որ Հանրապետության գործող նախագահը չընտրվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունները հանդուրժողականության մթնոլորտ են փորձում ստեղծել:

Տեսանյութեր

Լրահոս