«Նիկոլ Փաշինյանը խեղում է իրականությունը». Ա.Մելիքյան
«Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ընտրելու մասին, նա, ըստ էության, խեղում է իրականությունը: Այս պայմաններում ընտրելու խնդիր չի կարող լինել և որևէ մեկի օգտին քվեարկելն այն նպատակով, որ նա դառնա նախագահ, անիմաստ է: Մարդիկ միայն հնարավորություն պետք է ունենան իրենց տեսակետն ու կարծիքը հայտնել այս «ընտրական» գործընթացի և Հայաստանում տիրող իրավիճակի դեմ: Հօգուտ որևէ թեկնածուի ձայն տալն այն հեռահար նպատակով, որ նա կարող է ընտրվել, դա առնվազն միամտություն է»,- 168.am-ին ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընտրողներին՝ արտահայտել հստակ դիրքորոշում՝ ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկել, քվեաթերթիկը փչացնել, թե ընդհանրապես՝ ընտրական տեղամաս չգնալ:
Մեր այն հարցին, եթե կոչի արդյունքում չի հաղթում իշխանական թեկնածուն, և՞ս արդյունք չէ, Արման Մելիքյանը պատասխանեց. «Մեր մոտեցումները կառուցված են ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի սկզբունքի վրա, այլ համակարգը փոխելու անհրաժեշտության վրա: Դա պետք է արվեր բոլոր քաղաքական ուժերի համագործակցությամբ: Սա կլիներ մթնոլորտը փոխելու կարևոր քայլ»:
Արման Մելիքյանը բոյկոտը և քվեաթերթիկն անվավեր դարձնելը ևս համարում է անպտուղ գործընթաց: Նա պնդում է, որ այս քայլերը չեն արտահայտում ընտրողների ակտիվ դիրքորոշումը և փոփոխության պահանջ չեն պարունակում: Նրա կարծիքով, տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչեցվող բոյկոտի կոչերը նպատակ ունեն ապահովել քվորում: «Ես հասկանում եմ, այն գործիչների մի մասը, որը կոչ է անում գնալ և փչացնել քվեաթերթիկները, շատ կոնկրետ խնդիր են լուծում՝ քվորումի բարձր տոկոս ապահովելու համար, միևնույն ժամանակ՝ իրենց ընդդիմադիր կեցվածքն են փորձում ընդգծել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են այդ մասին խոսել, իրենց մոտիվները կարող է և տարբեր են»,- համոզված է նախագահի թեկնածուն:
Հիշեցնենք, որ Արման Մելիքյանն օրերս իր ընտրազանգվածին դիմեց կոչով՝ մասնակցել ընտրության, քվեարկել իր օգտին, սակայն դա նշանակում է՝ ոչ թե ընտրում են նախագահ Արման Մելիքյանին, այլ իրենց համաձայնությունն են արտահայտում թեկնածուի այն դիրքորոշմանը, որ ընտրություններն անօրինական են և ոչ իրավաչափ: