
Բիձինա Իվանիշվիլին Անկարայում հանդիպել է Ջեմիլ Չիչեքի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա մեկնած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Անկարայում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցը: Բացի այդ, նրանք քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Չիչեքի հետ հանդիպումից առաջ Բիձինա Իվանիշվիլին այցելել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան:
Չիչեքը հայտարարել է, որ Վրաստանում որոշակի բարդություններ կան՝ կապված թուրք գործարարների գործունեության հետ և ցանկություն է հայտնել, որ վերացվեն դրանք: Չիչեքն ընդգծել է, որ Վրաստանի Թուրքիայի համար թե՛ հարևան, թե՛ բարեկամ երկիր է: Չիչեքի խոսքերով՝ Թուրքիայի խորհրդարանում առկա են վրացական ծագում ունեցող թուրք պատգամավորներ:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլիի թուրքական այցը պետք է տևի մեկ օր: Թուրքիայում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Ի դեպ, Թուրքիան վերջին տարիներին հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը:
Ինչ վերաբերում է Ջեմիլ Չիչեքին, ապա նա դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը: