Chanel-ի գովազդը՝ Կիրա Նայթլիի մասնակցությամբ, արգելվել է ցուցադրել երեխաներին (տեսանյութ)
Գովազդային ստանդարտների բրիտանական կոմիտեն (ASA) արգելել է մանկական հաղորդումների ժամանակ ցուցադրել Chanel օծանելիքի գովազդը՝ դերասանուհի Կիրա Նայթլիի մասնակցությամբ։ ASA-ում գտնում են, որ գովազդի տեսարանները չափազանց բաց են։ Այս մասին նշվում է կոմիտեի կայքում։
Հոլովակն արդեն ցուցադրվել է բրիտանական հեռուստաընկերությամբ։ Կոմիտեն բողոք է ստացել մի կնոջից, ով նշել է, որ բաց տեսարաններով գովազդը ցուցադրվել է «Սառցե դարաշրջանը – 2» անիմացիոն ֆիլմի հեռարձակման ժամանակ։
Կինը հայտարարել է, որ հոլովակն ունի բացահայտ սեքսուալ ենթատեքստ։ Մինչդեռ այն տեսնում են նաև երեխաները, ովքեր մուլտֆիլմ են նայում։
ASA-ն կնոջ փաստարկները համոզիչ է համարել և արգելել գովազդը կոնկրետ ժամերին։
Նշենք, որ Chanel-ի Coco Mademoiselle օծանելիքը գովազդող հոլովակը ներկայացվել է 2011 թվականին։ Ռեժիսորը Ջո Ռայթն է, ով նախկինում աշխատել է Կիրա Նայթլիի հետ տարբեր ֆիլմերում։