ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» կմասնակցեն Երևանի քաղաքապետի ընտրություններին

Եթե կառավարությունը վաղը՝ փետրվարի 14-ին կայանալիք նիստում հաստատի «Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, ապա Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան 2013թ. մայիսի 5-ին:

Քաղաքական ուժերը և կուսակցությունները զբաղված են նախագահական առաջիկա ընտրություններով, այդ իսկ պատճառով, թեև առայժմ Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների մասնակցության մասին հստակ որոշում չկա, սակայն նրանց դիրքորոշումներն արդեն ուրվագծվում են:  «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ  Խուրշուդյանը 168.am-ին ասաց, որ կմասնակցեն ընտրություններին: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու առաջին ընտրություններին, որոնք տեղի ունեցան 2009թ. մայիսի 31-ին, «Ժառանգություն» կուսակցությունը չմասնակցեց: «Տրամադրվածությունը կա, վաղաժամ է հատուկ որոշում կայացնել: Թող նախագահական ընտրություններն անցնեն, դրանով կզբաղվենք»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:  Նա նաև նշեց, որ նախագահական ընտրություններից հետո ընկած կարճ ժամանակահատվածը չի խոչընդոտի, որպեսզի «Ժառանգությունը» պատշաճ կերպով նախապատրաստվի Երևանի ավագանու ընտրություններին: «Ժամանակը բավարար է, տրամադրությունն էլ՝ հաղթական»,- նկատեց կուսակցության մամուլի խոսնակը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ևս 168.am-ին փոխանցեց, որ Երևանի ավագանու ընտրություններին, ամենայն հավանականությամբ,  կուսակցությունը կմասնակցի: «Հաշվի առնելով, որ դրանք, թերևս, կուսակցական ընտրություններ են, կարծում եմ՝ այո, բայց կոնկրետ քննարկում դեռ չենք ունեցել»,- նշեց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Հարցին, թե  արդյո՞ք նախագահական ընտրություններին չմասնակցելը բացասաբար  կազդի կուսակցության վարկանիշի վրա նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Հիշեցնում եմ բոլորին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա բացարձակ չխանգարեց, որ մենք վերջին  խորհրդարանական ընտրություններին շուրջ կես միլիոնի հասնող քվեներ ստանանք: Այս ընտրություններին չմասնակցելն էլ չի խանգարի, որպեսզի որևէ այլ կուսակցական ընտրության մենք հավաքենք էլ ավելի մեծ թվով ձայներ»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցությանը, ինչպես ավելի վաղ 168.am-ին հայտնել էր ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, այն կհստակեցվի նախագահական ընտրություններից հետո: «Թե ինչպիսի՞ ընթացք կլինի, ինչպիսի՞ արդյունքներ կլինեն, ի՞նչ ընտրացուցակներով, ի՞նչ թափանցիկությամբ, արդարության ինչպիսի՞ չափաբաժին կունենանք, դա էլ նաև ուղղորդող և դերակատար կլինի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կայացվելիք մեր որոշման առումով»,- ասել էր Արսեն Համբարձումյանը:

Տեսանյութեր

Լրահոս