
Պարույր Հայրիկյանի և Անդրիաս Ղուկասյանի միջև առողջության մասին որևէ խոսք չի եղել

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երեկ հայտարարեց, որ ընտրությունները հետաձգելու մասին ՍԴ ներկայացրած դիմումը հետ վերցնելու պատճառներից մեկը ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուն՝ Անդրիաս Ղուկասյանն էր, ով, արդեն 24-րդ օրն է, ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ է անում:
«Ես գնացել էի Անդրիասի մոտ, ում հարցրել էի, թե արդյո՞ք վերջինս դուրս կգա հացադուլից, եթե միասնական թեկնածու ձևավորվի, ինչին ի պատասխան՝ Ղուկասյանն ասել էր, թե անգամ այդ դեպքում շարունակելու է հացադուլը: Նա մահվան շեմին է կանգնած, հայ մարդ է, կանգնած է մահվան շեմին: Ես ոչ միայն ընտրություններն եմ հետաձգում, այլև իմ նախասիրությունների պատճառով նպաստում եմ մի հայ մարդու լրացուցիչ վտանգին: Ստացվում էր, որ ընտրությունների հետաձգմամբ՝ ես նաև զոհասեղանին եմ հանձնելու Անդրիասին, որովհետև նա կմահանար»,- ասել էր Պարույր Հայրիկյանը:
168.am-ն Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում թեկնածուն Պ. Հայրիկյանի վերոգրյալ հայտարարությանը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Միանշանակ ասեմ, որ Անդրիասը պատրաստ էր շարունակել իր պայքարը՝ նույնիսկ, եթե ընտրությունները շարունակվեն: Հայրիկյանը մինչ այդ եկել էր ու նամակ էր հանձնել միասնական թեկնածուի մասին, բայց առողջության մասին որևէ բան չէր ասել: Եթե դա էր իր նպատակը՝ կարող էր Ղուկասյանի հետ քննարկել այդ հարցը: Բայց նա եկավ միասնական թեկնածուի հարցով ու որևէ խոսակցություն Անդրիաս Ղուկասյանի առողջության մասին չեղավ»: