Ավստրալիայի խորհրդարանն աբորիգեններին ճանաչել է երկրի բնիկ բնակիչներ
Ավստրալական The Sudney Morning Herald պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է աբորիգեններին երկրի բնիկ բնակիչներ ճանաչելու մասին օրինագիծը: Փաստաթղթղում ընդգծվում է Ավստրալիայի պատմության ընթացքում աբորիգենների բացառիկ ու հատուկ տեղը:
Այս օրինագիծը հավանության է արժանացել թե՛ իշխող դաշինքի, թե՛ ընդդիմության կողմից: Այս օրինագիծը կարևոր քայլ է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացման ճանապարհին, որոնցում արծարծվում է տվյալ թեման: Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը դեռ 2008 թվականի նոյեմբերին խոստացել էր անցկացնել այդ մասին հանրաքվե, սակայն դրա ժամկետները քանիցս ենթարկվել են փոփոխությունների:
Ներկայումս պլանավորված է, որ տվյալ հարցով հանրաքվեն պետք է անցկացվի 2013 թվականի սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Ավստրալիայի վարչապետի պաշտոնում Գիլարդին նախորդած Քևին Ռադը հինգ տարի առաջ պաշտոնապես ներողություն էր խնդրել աբորիգեններից՝ նրանց նկատմամբ գաղութարարների կատարած գործողությունների համար, որոնք խոր վիշտ, տառապանք ու կորուստներ են պատճառել աբորիգեն բնակչությանը:
Նշվում է, որ բրիտանացիներն Ավստրալիայում առաջին գաղութը հիմնել են 1788 թվականին, երբ մայրցամաքում բնակվում էր մինչև 1 միլիոն բնիկ: Վերջիններիս քանակը մինչև 1921 թվականը կրճատվեց 60.000-ի, ինչի պատճառներն էին համաճարակները, ավանդական կենսակերպի խախտումն ու գաղութարարների հալածանքները:
Ավստրալիայի աբորիգններն ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 1967 թվականին: Ներկայումս աբորիգենների քանակը 22 միլիոն բնակչությամբ երկրում կազմում է մոտ 500.000 մարդ: