Արման Մելիքյանը հայտարարության տեքստը հանձնեց Անդրիաս Ղուկասյանին
ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր այցելեց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Այցի նպատակն առաջիկա ընտրությունների վերաբերյալ Արման Մելիքյանի ընդունած հայտարարության հանձնումն էր տեղաշարժի հնարավորությունից զրկված թեկնածուին: Հիշեցնենք, որ Արման Մելիքյանը երեկ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ չի ճանաչելու ընտրությունների արդյունքները:
Երկու թեկնածուների զրույցը բավական կարճ տևեց: Արման Մելիքյանը հետաքրքրվեց հացադուլավորի առողջական վիճակով, հանձնեց հայտարարության տեքստը, այնուհետև զրուցեց լրագրողների հետ:
«Իր թիմն արդեն տեղյակ է այս հայտարարությանը, կարծում եմ, որ քննարկում են՝ որպես հնարավոր տարբերակ: Կարծում եմ, որ Հայաստանում իրապես ներքաղաքական մթնոլորտը փոխելու խնդիր կարող ենք լուծել, դրա համար համագործակցության դաշտը բաց է»,- ասաց Արման Մելիքյանը:
Սա Արման Մելիքյանի երկրորդ այցելությունն էր Անդրիաս Ղուկասյանին: Առաջին անգամ այցելել էր հացադուլի երրորդ օրը: Արման Մելիքյանը նշեց, որ, բնականաբար, նախորդ այցելության ժամանակ վերջինիս առողջական վիճակն ավելի լավ էր: Արման Մելիքյանը հայտնեց, որ հացադուլից դուրս գալու հորդորով չի դիմել Անդրիաս Ղուկասյանին:
«Ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահի, դա սկզբունքային որոշում է՝ նրա կողմից ընդունված, և որևէ կերպ չեմ ուզում ներազդել այդ որոշման վրա»,- նկատեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:
Արման Մելիքյանն Անդրիաս Ղուկասյանին այսօր այցելեց հրավիրված մամուլի ասուլիսից հետո, որտեղ ներկայացրել էր դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ, այն է՝ չընդունելով հանդերձ ընտրությունների օրինականությունը, մասնակցել քվեարկությանը: Արման Մելիքյանն առաջարկել էր մյուս թեկնածուներին՝ նմանատիպ առաջարկներ անել իրենց ընտրազանգվածին, և հաշվի առնելով Անդրիաս Ղուկասյանի առողջական խնդիրները՝ որոշել էր անձամբ տանել հայտարարության տեքստը: