
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովը հավանության է արժանացրել երկրի Պաշտպանության նախարարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածությունը:
Հեյգելի թեկնածության օգտին է հանդես եկել 14 սենատոր, իսկ դեմ՝ 11-ը: Այժմ Պենտագոնի նոր ղեկավարի թեկնածությունը ներկայացվել է Սենատի լիովին հաստատմանը: Ակնկալվում է, որ Սենատում այդ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մինչև շաբաթվա վերջ:
Մեծ հավանականություն կա, որ Սենատը կհաստատի Հեյգելի թեկնածությունը Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում, ինչից հետո նա կփոխարինի Լեոն Փանեթային: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում 66-ամյա Հեյգելի թեկնածությունն առաջադրել է այս տարվա հունվարի 7-ին:
Պահպանողական հայացքներ ունեցող հանրապետականները դեմ են Հեյգելի թեկնածությանը, քանի որ նա մինչ այս աչքի է ընկել Իսրայելի քննադատող հայտարարություններով, ինչպես նաև բավականաչափ կոշտ դիրքորոշում չունի Իրանի միջուկային ծրագրի հանդեպ: