Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է հացադուլը

ՀՀ նախագահի թեկնածու, 24-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի որոշումը մնացել է անփոփոխ. նա չի տեղափոխվի հիվանդանոց և կշարունակի հացադուլը մինչև փետրվարի 19-ը ներառյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Ա. Ղուկասյանը չի մասնակցի նաև քվեարկության ընթացքին ու հացադուլի վայրը չի լքի նաև փետրվարի 18-ին:

Վերջինս շեշտեց, սակայն, որ հացադուլը կարող է դադարեցվել միայն այն դեպքում, երբ առոջության համար անելանելի վիճակ ստեղծվի: Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ թե՛ իրենց բժիշկների, թե՛ Առողջապահության նախարարությանը կից հիվանդանոցի բժիշկների կողմից անալիզների արդյունքները հրապարակվել են, և երկու դեպքում էլ նկատվել են առողջական շեղումներ, որոնք, սակայն, նրա խոսքով, կյանքին վտանգ չեն սպառնում: Բայց Գրիգորյանը նշեց. «Բժիշկներն այցելում են նրան, չափում են ճնշումը, 80/60 է ցույց տալիս, մեր բժիշկներն են չափում`  110/70 է ցույց տալիս, ինչը դառնում է պատճառ, որ սկսում ենք չվստահել նրանց, մեզ մոտ հարցեր են առաջանում: Դրա համար մենք ունենք մեր բժիշկները, որոնց հետ էլ քննարկում ենք առողջական վիճակը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

168.am-ը հետաքրքրվեց. նկատի ունեք, որ Առողջապահության նախարարությունը արհեստականորեն բարդացնո՞ւմ է թեկնածուի ինքնազգացողությունը՝ ներկայացնելով ավելի ծանր, քան կա իրականում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ իրենք ի՞նչ նպատակ ունեն, ինչի՞  համար են ասում, բայց մենք արձանագրում ենք, որ նման փաստ կա»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել էր, թե ինքը չի համագործակցի Առողջապահության նախարարության հետ, մինչև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներողություն չխնդրի իրենից։ Այս առումով հարցրինք թեկնածուի ներկայացուցչից՝ փաստորեն Ձեր որոշումը կախված է Հանրապետականի կարծիքի՞ց։  Ա. Գրիգորյանն այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Հարապետական կուսակցությունն իշխանություն է: Նույն կուսակցությունից հնչում են տարբեր կարծիքներ. մեկն ասում է՝ հետազոտություն անցկացրեք, մյուսն ասում է՝ ռեալիթի շոու է: Որպեսզի մենք հասկանանք կուսակցության դիրքոշորումը՝ կապված հացադուլի հետ, պահանջ ենք դնում՝ հստակեցնել: Այս պահանջին  համապատասխան՝ Անդրիասը դնում է իր պահանջները»:

Կարդացեք նաև

Արմեն Գրիգորյանը նշեց, որ բացի Հրանտ Բագրատյանից և Սերժ Սարգսյանից, Անդրիաս Ղուկասյանին են այցելել նախագահի բոլոր թեկնածուները, ինչպես նաև քաղաքացիական շարժումների անդամներ, կուսակցականներ: Նա հայտնեց նաև, որ միջազգային կազմակերպություններից թեկնածուին մինչ այս պահը ոչ մեկը չի այցելել. «ԱՄՆ դեսպանատնից են շուտ այցելել, Ա. Ղուկասյանը հայտնեց իր մոտեցումները, որ սա ներքին պայքար է,  և որ որևէ դեսպան չպետք է խառնվի ներքին գործերին: Նաև մի անգամ այցելել էին դիտորդական առաքելությունից»:

Անդրադառնալով իրենց հետագա քայլերին, շտաբի համակարգողը նշեց, որ հիմա քննարկում են փետրվարի 18-ից հետո իրենց հետագա քայլերը, որոնք պետք է ամբողջացվեն ընտրություններից հետո:

Տեսանյութեր

Լրահոս