2012 թվականին Ռուսաստանը կնքել է 17.6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկայի վաճառքի պայմանագրեր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինն այսօր հայտարարել է, որ նախորդ տարի ընկերությունը կնքել է 17.6 միլիարդ դոլարի պայմանագրեր:
Իսայկինն ընդգծել է, որ մեկ տարվա համար դա ռեկորդային ցուցանիշ է: Նա հավելել է, որ 2012 թվականին Իրաքի հետ կնքվել է 4.5 միլիարդ դոլարի պայմանագրեր, որոնք, սակայն, դեռ չեն մտել ուժի մեջ.
«Մենք նաև սպառազինություն ու ռազմական տեխնիկա ենք արտահանում Սիրիա: Խոսքը հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմական տեխնիկայի տարբեր տիպերի վերանորոգման տեխնիկայի մասին է: Մենք ավիացիոն տեխնիկա չենք մատակարարում Սիրիային:
Սիրիան ռուսական զենքի մատակարարման ծավալով զբաղեցնում է 13-14-րդ տեղը: Սիրիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է միջազգային կանոններին համապատասխան»:
Նշվում է, որ 2005 թվականին Ռուսաստանից ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը կազմել է 6.4 միլիարդ դոլար, 2006 թվականին՝ 7.4 միլիարդ դոլար, 2008 թվականին՝ 8.35 միլիարդ դոլար, 2009 թվականին՝ 8.8 միլիարդ դոլար, 2010 թվականին՝ 10.4 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 13.2 միլիարդ դոլար:
Ներկայումս ռուսական զենքն արտահանվում է աշխարհի 88 երկիր, որոնցից 57-ը հանդիսանում են ռուսական զենքի կանոնավոր գնորդներ: Ռուսական զենքի խոշորագույն գնորդը Հնդկաստանն է: