Արման Մելիքյանը չի ճանաչի ընտրությունների արդյունքները, եթե անգամ ընտրվի

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ  չի ճանաչելու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները, եթե անգամ ինքը ընտրվի: Նա նշեց, որ ընտրություններն անօրինական են և ոչ իրավաչափ:

Ա. Մելիքյանն ասաց, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը, սակայն իր ընտրողներին բոյկոտի կոչ չարեց: Քվեաթերթիկն անվավեր դարձնելը ևս, ըստ Արման Մելիքյանի, սխալ է,  քանի որ այն իր մեջ որևէ իրավական պահանջ չի պարունակում:  «Ես կարծում եմ, որ  դա անպտուղ գործ է և ավելի օգտակար է ընտրակեղծարարության համար»,-ասաց Արման Մելիքյանը: Նախագահի թեկնածուն իր ընտրազանգվածին կոչ է անում նշում կատարել իր անվան դիմաց, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե ընտրում են նախագահ Արման Մելիքյանին: Նրա խոսքերով, ընտրողներն այդպիսով իրենց համաձայնությունն են հայտնում իր կոչին՝ ընդունելով, որ ընտրություններն անօրինական են: «Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր ուզում են, որ իրենց ձայնն անպտուղ և անտեղի չվատնվի, իրենք հանգիստ խղճով իմ անվան դիմաց կարող են նշում անել՝ ձայնը տալով ոչ թե Արման Մելիքյան թեկնածուին, այլ  իմ այն հռչակմանը, որ այս ընտրությունները կեղծված են»,-հայտարարեց նախագահի թեկնածուն: Ա. Մելիքյանը նշեց, որ մյուս թեկնածուներն, ովքեր կընդունեն, որ ընտրությունները կանխավ կեղծված են, կարող են հետևել իր օրինակին և իրենց ընտրազանգվածին նույն կերպ կողմնորոշել: ԼՂՀ նախկին արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է սա համարել իր գաղափարը, և ինքը որևէ  թեկնածուի ոչինչ չի պարտադրում: «Ես որևէ մեկի վրա ճնշում չեմ գործադրում, որևէ մեկին պահանջ չեմ ներկայացնում, որևէ մեկին չեմ ուզում մրոտեմ, թող իրենք կողմնորոշվեն»,-նշեց նա:

168.am-ի այն հարցին, թե իր պահանջը բավարարվելու դեպքում կհամարե՞ր, որ ընտրություններն անօրինական են, Արման Մելիքյանը պատասխանեց. «Սա բոլոր դեպքերում կլիներ փոխվստահության առաջին և շատ կարևոր քայլը, որովհետև անմիջականորեն ընտրակեղծարարության ոլորտից դուրս կբերվեր հեռացած անձանց ձայները, ինչը շատ էական է»:

Հարցին, թե ընտրություններից հետո պատրաստվո՞ւմ եք բողոքի ակցիաներ կազմակերպել, Արման Մելիքյանը պատասխանեց, որ դեմ է նման քայլերին, քանի որ ժողովրդին ոտքի հանելու դեպքում գործընթացը մինչև վերջ պետք է տանել, սակայն իշխանափոխությունն  էլ չի համարում երկրի զարգացման ճիշտ ճանապարհ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս