
Այսօր ԵՄ-ն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան՝ Թուրքիան ԵՄ-ի. Էգեմեն Բաղըշ

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Լոնդոնում գտնվող Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հանդիպել է բրիտանական խորհրդարանի՝ ԵՄ-ին ընդլայնման բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Բաղըշն անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրին.
«Այսօր տնտեսական պլանում ԵՄ-ն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան՝ Թուրքիան ԵՄ-ի: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը կնպաստի ԵՄ-ի անդամ երկրներում տնտեսական ճգնաժամի արագ կարգավորմանը: Թուրքիան իր կայուն աճող տնտեսությամբ վերածվել է աառաջադեմ երկրի: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելն այժմ շատ ավելի կարևոր է հենց ԵՄ-ի, քան՝ Թուրքիայի համար»:
Հիշեցնենք, որ Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:
Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։