
9 ամսում Իրանը հայտնաբերել է մինչև 400 միլիարդ դոլարի նավթի ու գազի ընդհանուր պաշարներ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ընթացիկ տարվա (մեկնարկել է 2012 թվականի մարտի վերջերից) առաջին 9 ամիսներին հայտնաբերել է մինչև 400 միլիարդ դոլարի նավթի ու գազի ընդհանուր պաշարներ: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության տնօրեն Ահմադ Գալեբանին:
Վերջինիս խոսքերով՝ վերջին տարիներին հայտնաբերված ածխաջրածինների հանքերի մեծ մասը հանդիսացել են գազային հանքավայրեր, մինչդեռ այս տարի հիմնականում հայտնաբերվել են նավթահանքեր: Ընթացիկ տարվա հունվարի 22-ին Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը մեկ խոշոր նավթահանք է հայտնաբերել Իրաքի հետ և մեկ խոշոր գազային հանքավայր՝ Թուրքմենստանի հետ համատեղ:
Ղասեմիի խոսքերով՝ իրանական նախորդ տարում ողջ երկրում հայտնաբերվել է ավելի քան 2 միլիարդ բարել նավթ: Կանխատեսվում է, որ մինչև 2015 թվականը Իրանում գազի օրական արդյունահանումը կհասնի 1.4 միլիարդ խորանարդ մետրի: