
Շտեֆան Ֆյուլեն ողջունել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստան ժամանած ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ հայտարարել է, որ ողջունում է Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը: Այս մասին նա հայտարարել է Թբիլիսիում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» ոչ պաշտոնական հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ.
«Մենք ողջունում ենք և ցանկանում ենք, որ մեր գործընկերներն իրար հետ այնպիսի բանակցություններ վարեն, որոնք հարիր կլինեն հարևաններին: Այդ երկխոսությունն օգտակար կլինի Վրաստանի ու նրա ժողովրդի համար»:
Ֆյուլեն հայտարարել է, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների ու ընդդիմության համագործակցության պայմաններում շարունակվում է բարեփոխումների գործընթացը: Ֆյուլեն վստահություն է հայտնել, որ այդ գործընթացը կշարունակվի նաև հետագայում:
Վրաստանն ու ԵՄ-ը երեկ համապատասխան համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ԵՄ-ը հավելյալ 20 միլիոն եվրո է հատկացնելու Վրաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Այդ փաստաթուղթը ԵՄ-ի կողմից ստորագրել է Շտեֆան Ֆյուլեն, իսկ վրացական կողմից՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման գծով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: