
ԱՄՆ-ն փոխում է ահաբեկչության դեմ պայքարի մեթոդը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հինգերորդ անգամ ամենամյա ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում: Իր ելույթում Օբաման, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի խնդրին.
«ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարելու է ոչ թե ուղիղ ռազմական մեթոդներով, այլ օգնելու է տվյալ երկրների իշխանություններին՝ հակազդելու ահաբեկչական խմբավորումների կազմավորմանը: Ահաբեկչության դեմ պայքարելու համար մեզ անհրաժեշտ չէ մեր հազարավոր զավակներին ուղարկել արտասահման՝ այլ երկրներ օկուպացնելու համար:
Դրա փոխարեն մենք պետք է անվտանգության ապահովման միջոցներով օգնենք այնպիսի երկրների, ինչպիսիք են Եմենը, Լիբիան ու Սոմալին, մենք պիտի օգնենք մեր դաշնակիցներին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ, ինչպես որ Մալիի պարագայում է»:
Օբաման հավելել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, իրեն թողնում է ահաբեկիչների դեմ «ուղիղ գործելու» հնարավորություն: Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը «Ալ Քաիդան» է, որը, սակայն, ներկայումս չի ներկայացնում այնպիսի վտանգ, ինչպես որ 2001 թվականին: