
ԱԷՄԳ-ի պատվիրակությունը ժամանել է Թեհրան

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այսօր առավոտյան ժամանել է Թեհրան՝ մասնակցելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 9-րդ փուլին:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեկ հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի մասնագետներն Իրանում քննարկելու են «Փարչին» օբյեկտի հարցում համագործակցության հարցը: Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել էր այս տարվա հունվարի կեսերին, Թեհրանում, ինչն ավարտվել էր անարդյունք:
ԱԷՄԳ-ը կասկածում է, որ Իրանը «Փարչին» օբյեկտում զբաղված է միջուկային զենքի մշակումներով, ինչի համար էլ պնդում է, որ իրանական կողմը համաձայնի իր տեսուչների կողմից այդ օբյեկտ մուտք գործելուն: Սակայն Իրանը պնդում է, թե «Փարչինը» ռազմական օբյեկտ է և սրանից առաջ հաճախակիորեն ԱԷՄԳ-ին մեղադրել է Իրանի վերաբերյալ գաղտնի տվյալներ հրապարակելու մեջ՝ չբացառելով, որ ԱԷՄԳ-ի պատվիրակությունում կարող են լինել նաև լրտեսներ: