Բաժիններ՝

Բանավեճը «ստացվեց». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Արդեն ակնհայտ է, որ այս նախագահական ընտրություններում թեկնածուների միջև որևէ ձևաչափով հեռուստաբանավեճ չի լինելու։ Թեկնածուների մեծ մասի փաստարկն այն է, որ նրանք պատրաստ են բանավիճել միայն Սերժ Սարգսյանի հետ, վերջինս էլ հնարավորություն ունի խուսափելու բանավեճից՝ ասելով, որ չի կարող վեց թեկնածուներից առանձնացնել որևէ մեկին և բանավիճել հենց նրա հետ։ Ի դեպ, գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի «դասական» ասուլիս չի տվել՝ դա նույնպես պահանջարկ վայելող ձևաչափ է։

Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են ևս մի փաստարկ՝ նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ։ Մեծամտությունն ընդհանրապես ոչ մեկին չի զարդարում, սակայն նախագահի թեկնածուների պարագայում դառնում է երկսայր զենք. եթե դու դիմացինիդ ասում ես՝ «նա ո՞վ դաոավ», ապա շատ բնական է, որ քարոզարշավի ընթացքում նման գնահատականի արժանացած մրցակիցդ նույն ոգով կպատասխանի՝ «բա դո՞ւ ով ես», և կս տացվի մոտավորապես Պանիկովսկու և Բալագանովի երկխոսությունը («Գնացեք կիև և հարցրեք»)՝ միայն թե հեռակա տարբերակով։ Մենք էլ` լրագրողներս, բնականաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկի արհամարհական, վիրավորական խոսքը հասնի մյուսին, և որ այդ բառային փոխհրաձգությունը մշտապես թեժ մնա։ Իսկ թեկնածուներն այդքան խոհեմություն կամ փորձ չունեն, որպեսզի ի պատասխան մեր փոքրիկ սադրանքների՝ պատասխանեն` «սա իմ հարգարժան գործընկերոջ տեսակետն է, իսկ մենք բոլորս պայքարում ենք հանուն ժողովրդավարության, տեսակետների ազատ արտահայտման» և այլն։

Բայց քանի որ հիշյալ խոհեմությունն ու փորձը չկան, ստացվում է բանավեճ, թեկուզև հեռակա, ոչ թե ծրագրերի և գաղափարների շուրջ, այլ անձնական լեզվակռիվ՝ սեփական արժանիքների և հայրենիքին մատուցած նախկին ծառայությունների վերաբերյալ` «բա դու ո՞ւր էիր, երբ ես…»։ Նման վիճաբանությունն ունի երկու բացասական հետևանք։ Նախ` վեց թեկնածուները, մոռանալով, որ իրենց գլխավոր թիրախը գործող նախագահն է (եթե դա իսկապես այդպես է), սկսում են հարվածել իրար, և արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրոք պայքարում են երկրորդ կամ երրորդ տեղի համար։ Բայց կա նաև ավելի հեռուն գնացող` «մշակութային» հետևանք։ «Նա ո՞վ դառավ» ինքնասիրահարված կարգախոսը հաշվի չի առնում այն պարզ հանգամանքը, որ այս աշխարհում չկա մի մարդ, որը բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններից գերազանցում է մեկ այլ մարդու։ Մենք բոլորս կարող ենք իրարից ինչ-որ բան սովորել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս