Մարտունու դիրքերից մեկում սպանվածների գործով կան չպարզաբանված հարցեր

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Կարինե Ղազարյան) այսօր սկսեց Մարտունու դիրքերից մեկում սպանված վեց զինծառայողների գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տուժողներից երկուսի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

2013 թ. հունվարի 8-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի, Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչ, իրավապաշտպան Ա. Սաքունցի դիմումը` ՀՀ պաշտպանության նախարարության ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մուշեղ Բուլղադարյանի 2012 թ. հուլիսի 28-ի` քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին: Ըստ դիմողների, նշված որոշումը վերացնելուց հետո անհրաժեշտ է իրականացնել բազմակողմանի քննություն և քրեական հետապնդում սկսել սպաներ Սամվել Գևորգյանի և Վիգեն Պետրոսյանի նկատմամբ:

Գործի էությունը հակիրճ հետևյալն է. 2010 թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու թիվ N զորամասի մարտական դիրքերից մեկում մարտական գնդակի պատճառած հրազենային վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Թադևոսյանի, ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանի, Գարեգին Հովսեփյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի և Արտեմ Մանասյանի դիակները: ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շուրջ 2 տարի շարունակվել է: Սակայն, 2012 թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի և Վարդգես Թադևոսյանի մահացած լինելու հանգամանքը: Տուժողներից Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի իրավահաջորդները և իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հարկադրված են եղել վերաքննության կարգով կարգով բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ինչպես հիմնավորվել է 6 հատորանոց քրեական գործի նախաքննությամբ, ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանը զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանին ու Կարո Այվազյանին դիրքում քնելու համար իջեցրել է հենակետ, նրանցից հաշիվ է պահանջել և ծեծել է Ա. Սարգսյանին: Քրեական գործի հիմքում դրված նախաքննության պաշտոնական կամ ընդունված վարկածի համաձայն` տեսնելով, որ ավագ լեյտենանտը ծեծում է ծառայակցին, և այդ պահին մտածելով, որ հաջորդն ինքն է լինելու, Կարո Այվազյանը գետնից վերցրել է իրեն ամրակցված գնդացիրն ու կրակահերթով սպանել ավագ լեյտենանտ Վ. Թադևոսյանին, կրակել նաև ժամկետային զինծառայողներ Հովսեփյանի, Սարգսյանի, Հովհաննիսյանի և Մանասյանի ուղղությամբ, ապա փոխել պահեստատուփը, մտել խրամուղի և նույն գնդացրով ինքնասպան եղել:

Բնականաբար, զուտ միայն տրամաբանությամբ, առկա փաստական հանգամանքները դեռ մի կողմ թողած, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս.

Առաջին. կարո՞ղ էր զինվորն ավագ լեյտենանտի ծեծից խուսափելու համար սպանել նրան` հետագայում վերադաս սպաների կողմից հնարավոր ծեծը, համենայնդեպս, երկարատև ազատազրկման ձևով անխուսափելի քրեական պատասխանատվությունը պատկերացնելով որպես հետևանք, ինչը չէր կարող չպատկերացնել:

Երկրորդ. եթե նույնիսկ ենթադրենք, որ կարող էր, ապա ծեծողի վրա կրակելուց բացի, ինչո՞ւ էր պահունակն ամբողջությամբ պարպելով, մի քանի տասնյակ գնդակներ արձակելով, անխնա կրակել նաև ծառայակից շարքային զինվորների վրա, որոնք իրեն ոչ վիրավորել էին, ոչ էլ որևէ այլ վնաս տվել:

Երրորդ. ավագ լեյտենանտին սպանելուց հետո տեսնելով, որ կրակահերթից պատահականորեն զոհվեց ծառայակիցներից մեկը, ինչո՞ւ կանգ չի առել ու սպանել է նաև մյուսներին` չորս հոգու:

Չորրորդ. եթե ծառայակցին ծեծող ավագ լեյտենանտի վրա է կրակել, ապա ինչո՞ւ է փոխել գնդացրի փողի ուղղությունը, չէ՞որ բոլոր վեց սպանվածները նույն ուղղությամբ չեն եղել:

Հինգերորդ. սպանելուց հետո ինչո՞ւ է դիմել մարդու համար հոգեբանական և այլ առումներով ամենածայրահեղ ու ծանր քայլին` ինքնասպանության, երբ կարող էր փախչել` պատժից խույս տալու հույսով, կամ մեղայականով ներկայանալ հրամանատարությանը` հույս ունենալով, որ, ի վերջո, ցմահ ազատազրկման չի դատապարտվի, հաշվի կառնեն, որ իր արարքն ավագ լեյտենանտի արարքի հետևանքն է, իսկ մյուս զոհերը անզգույշ սպանության հետևանք են: Նույնիսկ ցմահ ազատազրկումը, կարծում ենք, ինքնասպանությունից նախընտրելի է: Կարծում ենք նաև, որ միայն այսքանը բավարար է եզրահանգելու համար, որ այստեղ, ինչպես ասում են, ինչ-որ բան այն չէ:

Կասկածներն ավելի լուրջ բնույթ են ստանում, եթե նկատի ենք ունենում նաև փաստական հանգամանքները, որոնց քիչ հետո ու նաև առաջիկայում դեռ կանդրադառնանք:

Հանդես գալով այսօրվա դատական նիստում, Արթուր Սաքունցն ասաց, որ նախաքննության մարմինը չի տրամադրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, չի տեղեկացրել նախաքննության ավարտի մասին, որոշումը պատշաճ կերպով չի ուղարկել տուժողի իրավահաջորդներին, բացի ավագ լեյտենանտ Թադևոսյանից, մյուսներին սպանելու շարժառիթները չի պարզել, գործը քննած քննիչ Մուշեղ Բուլղադարյանն իրենց բարձրացրած մի շարք հարցերի պարզաբանումներ, բացատրություններ չի տվել, հիմնավորված չեն սպանության հանգամանքները և այն, որ Կարո Այվազյանն է սպանել, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն չի իրականացվել, առաջին ատյանի դատարանը գործը միակողմանի է քննել և այլն, և այլն: Փաստարկելով այս ամենը, նա խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի 08.01.2013թ. որոշումը և գործը վերադարձնել նոր նախաքննության:

Դատական նիստին ներկա գտնվող քննիչ Մուշեղ Բուլղադարյանը հերքեց Ա. Սաքունցի ասածներն այնքանով, որքանով կարող էր, իսկ զինվորական դատախազ Արամ Խաչատրյանը նշելով, որ քննությունը կատարվել է բազմակողմանի, բոլոր հնարավոր քննչական գործողությունները կատարվել են, այն դիրքորոշումն արտահայտեց, որ առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը պետք է թողնել ուժի մեջ: Սակայն հենց դատարանում քննիչն ու դատախազը Արթուր Սաքունցի բարձրացրած հարցերի մի մասն ընդհանրապես շրջանցեցին, պատասխան չտվեցին: Օրինակ, եթե ընդունենք, որ նույն կամ գրեթե նույն դիրքից Կարո Այվազյանն է սպանել հիշյալ հինգ զինծառայողներին, ապա ի՞նչ բացատրություն կա այն փաստին, որ գնդակները, ինչպես համապատասխան փորձաքննության եզրակացությունում է նշված, նրանց մարմինները խոցել են տարբեր անկյուններով` և ձախից աջ, և աջից ձախ, և նույն հարթության վրա, և վերևից ներքև…

Սպանության վայրում կամ վայրի մոտ եղած ու ողջ մնացած միակ վկան` զինծառայող Դավիթ Հարությունյանը, իր ցուցմունքում նշել է, որ դեպքից առաջ գտնվելով մարտական դիտակետում, լսել է ձայներ` Ռոբ, չէ, չէ… Խոսքը, ինչպես հասկանալի է, սպանված զինծառայողներից Ռոբերտ Հովհաննիսյանի մասին է, իսկ նշվածից ենթադրելի է, որ մինչ այդ վեճ է եղել, Ռ. Հովհաննիսյանը, հնարավոր է և ինքնապաշտպանության նպատակով, ցանկացել է լիցքավորել իրեն ամրակցված զենքը, ինչ-որ մեկն էլ փորձել է կանխել դա: Դ. Հարությունյանի ասածը նույնպես չի համապատասխանում նախաքննության մարմնի կողմից հիմք ընդունված սպանության հանգամանքներին, կամ, ավելի ճիշտ, հակառակը` կատարվածի պաշտոնական բացատրությունը չի համապատասխանում վկայի ասածին:

Քանի որ դատաքննության ընթացքում անհրաժեշտություն առաջացավ ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարի գաղտնի հրամանին, և Ա. Սաքունցը տուժողների իրավահաջորդների իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության համար միջնորդեց նշված փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն ընձեռել իրենց, դատարանը մինչև փետրվարի 20-ի ժամը 11:00-ն ընդմիջեց նիստը` միջնորդությունը քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս