Թուրքական մարտական ինքնաթիռը մուտք է գործել Հունաստանի օդային տիրույթ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Հունաստանի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 տիպի երկու կործանիչ օդ են բարձրացվել, ինչի պատճառը եղել է թուրքական մարտական ինքնաթիռը, որը մոտեցել է հունական Կալիմնոս գյուղին և թռչել է հունական մի շարք այլ կղզիների վրայով:
Հունական կողմը թուրքական ուղղաթիռը նկատել է տեղական ժամանակով ժամը 23.00-ին, ինչից կես ժամ անց օդ են բարձրացվել F-16 կործանիչները: Վերջիններս փորձել են մոտենալ ուղղաթիռին, սակայն այն լքել է Հունաստանի օդային տիրույթը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 7 ինքնաթիռ ներխուժել էին Հունաստանի օդային տարածք: Թուրք օդաչուներն իրենց շարունակ իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները:
Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր»:
Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական Milliyet թերթը գրեց, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո:
Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունական կողմի տվյալներով՝ 2000–2009 թվականներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը: