
Վրաստանի սևծովյան ափին հեղուկացման գազի տերմինալի կառուցման այժմեականությունը նվազել է. SOCAR

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովն այսօր հայտարարել է, որ Վրաստանում հեղուկացման տերմինալի կառուցման հարցը դեռ շարունակում է մնալ այժմեական.
«AGRI նախագծով (Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա) Եվրոպա հեղուկ գազի փոխադրումը չի կորցրել իր այժմեականությունը, պարզապես այդ այժմեականությունը նվազել է: Այժմ մենք ունենք գազի փոխադրման այլ տարբերակներ»:
Անդրադառնալով «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) խնդրին՝ Նասիրովը հայտարարել է, որ դրանով «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը մղվելու է մինչև 2018 թվականը, իսկ եվրոպական սպառողներին այն կհասնի 2019 թվականին:
Հիշեցնենք, որ Փոթիից ոչ հեռու ընկած Կուլևիի նավթային տերմինալը պատկանում է SOCAR-ին, ով մտադիր է Վրաստանի սևծովյան ափին կառուցել նաև գազի հեղուկացման տերմինալ, որտեղից էլ ադրբեջանական գազը լցանավերով կուղղվի Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա:
Սակայն դրան ամեն կերպ խոչընդոտում է Թուրքիան, ով AGRI նախագծի իրագործման դեպքում հայտնվում է խաղից դուրս վիճակում: