Բաժիններ՝

Ահմադինեժադը ներկայացրել է Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի տնտեսական նվաճումները

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 1979 թվականին Իրանում իրականացված Իսլամական հեղափոխության հաղթանակի 34-ամյակի կապակցությամբ տնտեսական տվյալներ է ներկայացրել:

Ահմադինեժադը դրանց միջոցով ցույց է տվել, թե Իսլամական հեղափոխությունից հետո Իրանն ինչպիսի տնտեսական նվաճումներ է ունեցել. «Իսլամական հեղափոխությունից առաջ ցեմենտի արտադրությունը կազմում էր 7 միլիոն տոննայից էլ պակաս, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 80 միլիոն տոննա, որից 12 միլիոն տոննան արտահանվել է ընթացիկ տարում:

Պողպատի արտադությունը մինչև հեղափոխությունը կազմում էր 1 միլիոն տոննայից էլ պակաս, մինչդեռ այժմ այն հասել է ավելի քան 20 միլիոն տոննայի, իսկ այս տարի Իրանը կհասնի սեփական արտադրության պողպատով իրեն ապահովելուն:

Եթե նախկինում մեքենաների տարեկան արտադրությունը կազմում էր 0.3 միլիոն միավոր, ապա այժմ՝ ավելի քան 2 միլիոն միավոր, և այսօր Իրանն արտահանում է տարբեր տեսակի ավտոմեքենաներ: Առաջընթաց է գրանցվել նաև նավթաքիմիական ու էլեկտրաէներգիայի ոլորտներում: Այսօր Իրանում տարեկան արտադրվում է 56 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանք, իսկ էներգետիկ հզորությունը հասցվել է 70 գիգավատտի:

Եթե առաջ Իրանի ջրամբարների տարողությունը կազմում էր 12 միլիարդ խորանարդ մետր, ապա այսօր այն կազմում է մոտ 50 միլիարդ խորանարդ մետր: Ճանապարհների կառուցումը եռապատկվել է՝ 11.723 կիլոմետր: Ահմադինեժադի ղեկավարման 8 տարիներին Իրանում կառուցվել է 10 միլիոն տուն, որոնցից 3.209.000-ը բաժին է ընկել նրա նախագահության առաջին շրջանին, իսկ 6.783.000-ը՝ երկրորդ շրջանին:

Հեղափոխությունից առաջ գյուղատնտեսական տարեկան արտադրանքը կազմում էր 25 միլիոն տոննա, այսօր այն հասցվել է ավելի քան 110 միլիոն տոննայի: Վերջին 7-8 տարիներին կառուցվել են այնքան դպրոցներ, որքան որ դրան նախորդած 80 տարիներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս