Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին՝ կապված PKK-ի հետ
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցական ժողովում ԵՄ-ին մեղադրել է ահաբեկչության դեմ պայքարում անգործության մեջ.
«ԵՄ-ը մի շարք կազմակերպությունների, այդ թվում նաև «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) և «Թուրք ժողովրդի ազատագրման ճակատ/կուսակցությանը» (DHKP-C) ճանաչել է որպես ահաբեկչական: Սակայն դրա հետ մեկտեղ ԵՄ-ը ոչինչ չի անում Թուրքիայում ահաբեկչության խնդրի լուծման համար:
Ներկա դրությամբ Թուրքիայում ահաբեկչության մեջ մեղադրվող ավելի քան 400 մարդ գտնվում է Գերմանիայում և այդ երկիրն ամեն անգամ հետաձգում է նրանց Թուրքիային արտահանձնելու հարցը: Եվրոպայում ձերբակալված PKK-ի բազմաթիվ անդամներ կարճ ժամանակ անց ազատ են արձակվում»:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վերջին 30 տարում (PKK-ի ակտիվ զինված պայքարը Թուրքիայում մեկնարկել է 1984 թվականին) ահաբեկչության դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար: Իսկ դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, թե եվրոպական երկրներից PKK-ին ամենագործուն աջակցություն ցուցաբերող երկիրը Գերմանիան է, ուր գտնվում է 13.000 PKK-ական: