Նախագահի թեկնածու. «Վարդան Սեդրակյանը Սերժ Սարգսյանի ատամի բանը չէ, թող չփորձի նման բաներ անել»
Հարցազրույց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ
– «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ հայտարարեցիք, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի, ու միջազգային դիտորդներն էլ հեռացած կլինեն, փետրվարի 22-23-ին Ձեզ կձերբակալեն։ Ի՞նչն է Ձեզ ստիպել նման հայտարարություն անել:
– Իշխանությունների պահվածքը դրան է տանում: Նորանոր հարցեր են առաջանում մամուլից, որոնք հաստատ նախաքննությունից են դուրս գալիս (խոսքը ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ երկու կրակոցների առթիվ հարուցված քրեական գործի մասին է.- Տ.Մ.): Ամեն ինչը կապել ինձ հետ…
Բոլոր կասկածյալներն ինձ մոտ են աշխատել, որ ես իրենց ավտո եմ նվիրել… այս ամեն ինչը հուշում է, որ իրենք արդեն նախապես ծրագիր ունեն: Այստեղ՝ Քանաքեռում ևս, լուրեր են տարածում, որ ես եմ կազմակերպել, և այլն, և այլն: Գործը քննվում է, կլինեն ձայնագրություններ, որոնք դա կապացուցեն, և այլն, և այլն: Իշխանություններն ունեն խնդիր, ընտրություններից անմիջապես հետո քաղաքական հաշվեհարդար տեսնել, բայց քրեական հողում:
Ինձ կձերբակալեն ոչ թե իմ գաղափարների համար, այլ կոնկրետ այս դեպքի: Նաև, եթե հաշվի առնեք, որ ամիսների ընթացքում միշտ այդ հարցը լրատվամիջոցները տվել են, իրենց կողմից ուղղորդված՝ թե ես կապ ունեմ Նաիրի Հունանյանի խմբի հետ, երբ նման բան գոյություն չունի… Նաիրի Հունանյանի գործը քննող քննիչը Գագիկ Ջհանգիրյանն էր, իրե՛ն հարցրեք, տեսեք ես կապ ունե՞մ: Հետո տեղեկատվություն տարածվեց, թե Տիգրան Նաղդալյանի հետ եմ հարցաքննվել, երբ նման բան գոյություն չունի, հետո՝ թե ես իրանական, ռուսական հատուկ ծառայություններից եմ… Այս ամենն արվում է կերպար ստեղծելու համար, որ հետո ասեն, թե՝ տեսե՛ք՝ մենք ասում էինք, որ այս մարդը նման մարդ է: Հիմա ես անձեռնմխելի եմ, հենց ընտրությունները ավարտվեն՝ ինձ կձերբակալեն: Երբ դիտորդական առաքելությունն էլ Հայաստանում կավարտվի, իրենք իրենց անելիքը կանեն. համենայնդեպս, կարծում եմ՝ դա իրենց ծրագիրն է:
– Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչն է ստիպում Ձեր հանդեպ «նման ծրագիր իրականացնել», ինչպես Դուք եք ասում:
– Դա կապված է իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված սուր քննադատություններով: Եթե հիմա էլ նայեք՝ ամենասուր քննադատությունը, հիմնավոր և ոչ ձևական՝ ուղղված Սերժ Սարգսյանի հասցեին, եղել է իմ կողմից: Ես եմ ասել, որ նա կեղծում է իր կենսագրությունը: Կամ մինչ այս պահը թեկնածուներից ո՞վ է խոսել Մարտի 1-ի մասին: Ես միակ թեկնածուն եմ եղել, ով բարձրացրել է Մարտի 1-ի հարցը: Գումարած այս ամենին՝ ես միակն եմ եղել, որ հայտարարել է, թե նախագահի Վրաստան այցը սխալ էր: Միակ թեկնածուն ես եմ, ով ասում է, թե Եվրասիական միության հետ պետք է համագործակցենք: Իր միակ մրցակիցը ես եմ: Ի տարբերություն լրատվական միջոցների, որոնք ինձ հեգնանքով են մոտենում, Սերժ Սարգսյանը գիտի՝ ո՞ւմ է ինքը նշանակել, իսկ ո՞վ է ինքնուրույն խաղում: Սերժ Սարգսյանը գիտի, որ ես ինքնուրույն մարդ եմ, նա ինձ գիտի դեռ Հայաստանի ԿԳԲ-ի պետ լինելու տարիներից: Ինքը գիտի, որ ես Վազգեն Սարգսյանի հետ շատ մոտ եմ եղել, որ Արամն իմ դասընկերն է եղել, որ մենք ընտանիքներով շատ մտերիմ ենք եղել:
– Նկատի ունեք, որ Ձեր նկատմամբ անձնական հաշվեհարդար է՞լ կա:
– Իհա՛րկե: Իհա՛րկե կա: Տարիներից կուտակված: Ես արդեն ասել եմ, որ 88 թվականից ես մասնակցել եմ ուսանողական խմբերին, որոնք սատարում էին Ղարաբաղ կոմիտեին: Այդ ժամանակվանից էլ Սերժ Սարգսյանն ինձ գիտի: Ես ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին եմ ծառայել, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ իրեն: Ես միշտ տեսակետ եմ ունեցել: Իսկ դա լավ չէ. խիստ վնասակար է առողջությանը:
– Ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
– Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու և բարձրացնելու եմ բոլոր հարցերը, որոնք բարձրացրել եմ հաղորդման ժամանակ: Հասնելու եմ նրան, որ դիմելու եմ ՀՀ-ում հաստատագրված բոլոր դեսպանատներին: Մի հարց եմ ցանկանում բարձրացնել: Հայրիկյանի գործով երկու հոգու ձերբակալել էին, իրենց լուսանկարները տարածվեց որպես կասկածյալ, իսկ ո՞վ է իրավունք տվել ցույց տալ կասկածյալների լուսանկարները: Լուսանկարները ցույց տալուց հինգ օր հետո հայտարարում են, թե խոստովանական ցուցմունք են տվել: Կասկածյալները ցուցմունքներ են տալիս, ո՞վ է պաշտպանում նրանց իրավունքները, փաստաբան կա՞ իրենց կողքին: Մի հատ կիսագրագետ Սամոն է, 7-րդ դասարանն ավարտած, կաֆելշչիկ է, ամբողջ կյանքում ռեմոնտ է արել: Մյուսն էլ նարկոման տաքսու շոֆեր է:
– Պարոն Սեդրակյան, վստահ լինելով, որ Ձեզ ձերբակալելու են, վախի զգացում չունե՞ք:
– Սերժ Սարգսյանը գիտի, որ ես չունեմ այդ վախի զգացումը: Այդ դուք եք, որ ինձ չեք ճանաչում: Ես նորից եմ ասում՝ միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ԿԳԲ-ում ինձ 18 անգամ հարցաքննել են, ոչ մեկը չի իմացել, նույնիսկ լրատվամիջոցները: Ես չեմ տառապում այդ բաներով… Գիտե՞ք՝ ինչի համար եմ հարցաքննվել: Ոչ թե այդ սպանությունների համար, այլ ամեն մի հեռուստատեսային ելույթից հետո, երբ ներկայացրել եմ էպոսից ինչ-որ հատված ու ասել եմ, որ մեր իշխանությունները գրքի այս էջով սխալ են վարվում: Ես այսքան որ ասում էի՝ դուք չէիք հավատում, որ ես եմ լինելու չորրորդ նախագահը: Սերժ Սարգսյանը դա լավ գիտի: Վարդան Սեդրակյանը Սերժ Սարգսյանի ատամի բանը չէ, թող չփորձի նման բաներ անել:
– Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում ինչո՞ւ են սպասում ընտրությունների ավարտին: Հիմա Ձեզ ձերբակալելը ձեռնտու չէ՞:
– Իրենց ոչ թե ձեռնտու չէ, այլ ես անձեռնմխելի եմ: Ես միանգամից դառնում եմ ազգային հերոս: Իսկ ընտրություններից հետո քաղաքական գործընթացներն ավարտված կլինեն, դիտորդները՝ գնացած, բոլորը հանգիստ կլինեն և ինձ կձերբակալեն: Դուք կհետաքրքրվեք դրանով, և ինձ կներկայացնեն՝ որպես տեռորիստ. էլ ի՞նչ գաղափարական, ի՞նչ քաղաքական: Ի՞նչ է, ձեզ թվում է՝ իրենք չէի՞ն հաշվել այդ քայլը, որ իմ ամբողջ շրջապատից մեկ նարկոմանի գտան, մեկ կաֆել խփողի: Ես էլ այդքան պրիմիտիվ եմ, էլի: Հասարակ մի բան: Ես թերթում կարդացի, որ նագան ատրճանակը գտան Խաչատուրի տանը, որ կինը ատրճանակը թաքցրած տեղից բերեց, հանձնեց իրենց: Դե իրենց հարցրեք: Ես կազմակերպում եմ ու ասում եմ՝ ատրճանակդ տար կնոջդ տուր, թող պահի՞: Անտրամաբանական է: Նրանց պետք են թուլակամ մարդիկ, որ իրենք կարողանան ուղղորդել: Մի տեղեկություն էլ հայտնեմ: Կաֆել խփող Սամվելի եղբայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, հիմա քրեակատարողական հիմնարկում է: Մի խումբ, մտել է ինչ-որ հարուստ մարդու տուն, և իրեն մեղադրում են՝ որպես կազմակերպիչ, այն դեպքում, երբ ինքը չի մտել հարուստի տուն: Ու դատը մինչև հիմա էլ չի եղել: Հիմա ի՞նչ, դա է՞լ եմ ես կազմակերպել: Իրենց պարզապես մարդիկ են պետք, որոնց հնարավոր լինի ուղղորդել: