Բաժիններ՝

Պզոն դարձավ Յապոնչիկից հետո ԱՄՆ-ում դատապարտված երկրորդ «օրենքով գողը»

Newsru.com-ի փոխանցմամբ`ուրբաթ Նյու Յորքում կայացվեց «ռուսական մաֆիայի» 48-ամյա ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը, ով ավելի հայտնի է «Պզո» մականվամբ: Վերջինս մտնում է ոչ վաղ անցյալում Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) կլանի մեջ:

Մանհեթենի դատարանը Ղազարյանին դատապարտեց 37-ամսյա ազատազրկման, սակայն Պզոն արդեն 28 ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ, ինչը նշանակում է, որ նա վանդակաճաղերից այն կողմ կանցկացնի ևս 9 ամիս, ինչից հետո կարտաքսվի ԱՄՆ-ից: Եվ դա այն դեպքում, երբ սկզբնական շրջանում Ղազարյանին սպառնում էր 75-ամյա ազատազրկում: Բացի այդ, դատարանը քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանին տուգանել է 60.000 դոլարով:

Պզոն ձերբակալվել է 2010 թվականի հոկտեմբերին` թոշակառուների բժշկական համակարգում մեքենայությունների մասշտաբային հետաքննման շրջանակներում տասնյակ այլ մեղադրյալների հետ միասին: ԱՄՆ արդարադատության պատմության ընթացքում Պզոն դարձավ երկրորդ «օրենքով գողը», ում նկատմամբ կայացվել է դատավճիռ: Առաջինը «ռուսական մաֆիայի հայր» Վյաչեսլավ Իվանկովն (Յապոնչիկ) է, ով 1995 թվականի հունիսին շորթման համար ձերբակալվել էր Նյու Յորքում:

Ընդ որում, Ղազարյանը դարձավ «ռուսական մաֆիայի» առաջին ու միակ ներկայացուցիչն է, որին մեղադրանք է ներկայացվել RICO-ի (ռեկետ և կոռուպցիա) օրենքով: Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում են ևս մի շարք «օրենքով գողեր», որոնց անհանգստացնելու կարիք դեռ չկա: Պզոյի գործի քննումը ցույց է տվել, որ խարդախների խումբը բաղկացած է եղել 73 մարդուց, որոնք հիմնականում Հայաստանից եկածներ են: Կան նաև Ղազախստանի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչներ:

2000 թվականից սկսած` նրանք կարողացել են 25 նահանգում բացել 118 կեղծ բժշկական կլինիկա և 163 միլիոն դոլար են ստացել Medicare տարեցների ու հաշմանդամների պետական բժշկական սպասարկման հիմնադրամից: Նյու Յորքի դատախազության տվյալներով` հանցագործներին հաջողվել է ձեռք բերել տարբեր նահանգներում իրական բժշկական կլինիկաների հազարավոր հիվանդների ու բժիշկների տվյալները:

Բժշկական լիցենզիաներն օգտագործվել են կեղծ կլինիկաների բացման համար, որոնցում «ընդունել» են գոյություն չունեցող հիվանդների, իսկ որպես բուժհիմնարկների հասցե ամենից հաճախ օգտագործվել են փոստային արկղերը: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Նյու Յորքի բաժանմունքի տնօրեն Ջենիս Ֆեդարչիկը հայտարարել է, որ գումարներ շորթելու սխեման եղել է իդեալական, չեն եղել ո՛չ իրական բժիշկներ, ո՛չ էլ իրական հիվանդներ, ամեն ինչ հիմնված է եղել միրաժի վրա և որ իրական է եղել միայն փողերի ստացումը:

ԱՄՆ Արևմտյան ծովափին հանցավոր կազմակերպությունը ղեկավարել է Դավիթ Միրզոյանը, իսկ Արևելյան ծովափում` Ռոբերտ Թերջանյանը: Սակայն դատախազության տվյալներով` նրանք անմիջականորեն ենթարկվել են Արմեն Ղազարյանին և զբաղվել են նաև կրեդիտ քարտերի կեղծմամբ, մաքսանենգ ծխախոտի ու կեղծ դեղամիջոցների առևտրով:

Արմեն Ղազարյանի պաշտպան, Կալիֆոռնիայի հայտնի դերասան Մարկ Կիրակոսը հերքել է, թե Ղազարյանը «օրենքով գող» է` թեև ռուսական մամուլի համաձայն, Ղազարյանին «թագադրել» են դեռևս 1991 թվականին, Դոնի Ռոստովում: Նրան նաև անվանում են կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար, որը զբաղվել է զենքի, թանկարժեք քարերի, հազվագյուտ մետաղաների ապօրինի շրջանառությամբ ու թմրանյութերի մաքսանենգությամբ, ինչպես նաև մարդկանց առևանգմամբ ու դրամաշորթմամբ:

Նշվում է, որ Ղազարյանն ԱՄՆ-ում է հայտնվել 1996 թվականին` որպես Ադրբեջանում իրականացված ջարդերից փրկված փախստական: Ընդ որում, քրեական հեղինակությունը պնդում է, որ հայրն իր աչքի առջև զոհվել է այրվող տանը 1990 թվականի հունվարին (ազգամիջյան հակամարտության ժամանակ): Դրանից հետո Ղազարյանին մեղադրել են ստելու մեջ, քանի որ նրա հայրը ողջ է եղել: Մարկ Կիրակոսը հայտարարել է, որ Ղազարյանը հոր «հրաշքով փրկված լինելու» մասին իմացել է միայն ԱՄՆ տեղափոխվելուց հետո:

Ընդ որում, Ղազարյանը 1993 թվականին իբրև փորձել է գտնել հոր գերեզմանը, ինչի համար վերադարձել է Ադրբեջան, ուր և ենթարկվել է կտտանքների: Փաստաբանի խոսքերով` ադրբեջանցիների խումբը նախ ծեծի է ենթարկել նրան, իսկ հետո առանց հետաքննության ու դատի մեկ ամիս պահել է ոստիկանատանը, ուր և նրան ծեծի են ենթարկել ու բռնաբարել: Պետք է ընդգծել, որ բանտարկյալների շրջանում սեռական բռնությունը համարվում է ստորացման ամենագործուն եղանակներից մեկը: Նման կերպ ստորացված մարդը, հազիվ թե, կարող է համարվել քրեական հեղինակություն:

Ղազարյանի վտարանդի դառնալու իրական պատճառն այն էր, որ նրա նկատմամբ որս էին հայտարարել վարձու մարդասպանները և անգամ նրա նկատմամբ իրականացվել է մեկ մահափորձ, սակայն` անհաջող: ԱՄՆ մեկնելուց հետո Ղազարյանը պաշտոնապես որևէ տեղ չի աշխատել, ինչն ամբողջովին համապատասխանում է «օրենքով գողի օրենսգրքին»:

Չնայած դրան` Ղազարյանն ունեցել է շքեղ առանձնատուն, երթևեկել է Rolls Royce Phantom ավտոմեքենայով, որն արժե 150.000 դոլար, չորս տարվա ընթացքում Լաս Վեգասի Wynn խաղատանը կատարել է ավելի քան մեկ միլիոն դոլարի խաղադրույք: Բացի այդ, Bank Of America բանկում նրա հաշվեհամարի վրա առկա է եղել 120.000 դոլար: Ղազարյանի ընտանիքը բաղկացած է նրա կին Կրիստինայից ու երեք երեխաներից (15-ամյա Դինան և չորսամյա երկվորյակներ Աշոտն ու Արմենը):

Ղազարյանը վստահեցնում է, որ իրեն գումարներ են փոխանցել Մոսկվայից, ուր նրա հայրն ունեցել է սննդամթերքի խանութ: Սակայն դատախազությունն այդ բացատրությունը համարել է անհամոզիչ: Քննիչները կարծում են, որ նա ապրել է այն գումարների հաշվին, որոնք նրան վճարվել են որպես «օրենքով գողի»:

Դատարանում պաշտպանող կողմը Ղազարյանին ներկայացրել է որպես ընտանիքին նվիրված օրինակելի մարդ և բարերար, նրա հարցով դատարանին միջնորդել է անգամ Ղազարյանի կողմից հովանավորված հայկական եկեղեցիներից մեկի քահանան: Ղազարյանը դատավճիռը լսել է լուռ` առանց որևէ զգացմունքների ցուցաբերման: Նա հրաժարվել է դատարանում վերջին խոսքի իրավունքից: Մամուլի տվյալներով, Պզոն ԱՄՆ-ում ներկայացրել է Դեդ Հասանի շահերը, որին հունվարի 16-ին Մոսկվայում մահացու վիրավորեց վարձու մարդասպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս