Կոնֆետահավաք՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ
Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի աշակերտներից մեկի ծնողն այսօր դիմել էր խմբագրություն և տեղեկացրել, որ դպրոցի տնօրինությունը դպրոցում կոնֆետահավաք է կազմակերպել՝ Հայոց բանակում ծառայող զինվորներին ուղարկելու համար:
Ծնողին, սակայն, ոչ թե զարմացրել էր կոնֆետների հավաքագրման գործընթացը, քանի որ, ըստ նրա, քանակի և գնի որակի սահմանափակում չկա, հետևաբար՝ ֆինանսական խնդիր դա չի առաջացնում, այլ այն, որ դպրոցում հայտարարել են, թե ակցիան կազմակերպվում է փետրվարի 23-ի առթիվ: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ը ԽՍՀՄ-ում նշվում էր՝ իբրև հայրենիքի պաշտպանի օր: «Եթե հայ զինվորին են ուղարկում, ապա ինչո՞ւ դա չի արվում հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ծնողը:
Խնդրի վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանից: Նա հաստատեց, որ նման նախաձեռնություն դպրոցում եղել է, սակայն հերքեց, որ դա կապված է եղել փետրվարի 23-ի հետ: Նա տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնած ակցիան ավարտվել է և դպրոցում կազմակերպված հանգանակության հասույթը, ինչպես նաև աշակերտների գրած նամակները փետրվարի 10-ին հանձնել են Արարատի մարզի զորամասերից մեկին: Տնօրենն ասաց, թե նախաձեռնությունը եղել է աշակերտների կողմից և նվիրված է եղել Հայոց բանակի օրվան, պարզապես տեխնիկական պատճառներով չեն հասցրել նամակները և նվերները հասցեատերերին հասցնել հունվարի 28-ին: «Շատ ինքնատիպ էին երեխաների նվերները և նամակները: Շատ հետաքրքիր ստացվեց այդ ամենը: Շատ ջերմություն և անկեղծություն կար դրա մեջ, և որևէ մեկը դրանից չէր նեղվել: Լավ կլինի, որ շարունակական լինի, քանի որ լավ նախաձեռնություն էր»,- նշեց Գայանե Սարուխանյանը: