Անդրիաս Ղուկասյան. «Դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում ժողովրդավարության հետ որևէ կապ չունի»
Ժողովրդավարության բարիքները երբեք չեն կարող օգտագործվել կրիմինալ հակամարդկային քաղաքական ուժերի կողմից, որպեսզի նման ուժերը գան իշխանության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, 22-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընդհանուր դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդների` Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցին, որը չի անդրադարձել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրված պահանջներին և դրանց գնահատականներին:
«Առաքելությունը շրջանցում է այս կարևոր փաստը, և, փաստորեն, կարող է անորոշություն ու մոլորություն ստեղծել միջազգային հանրության մոտ, որոնք նման զեկույցից փորձում են ինֆորմացիա ստանալ Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի երկրորդ միջանկյալ զեկույցն այս մոլորությունն անպայման ստեղծելու է, եթե, իհարկե, հետագայում չլինեն ճշգրտումներ: Ես անձամբ համարում եմ, որ առաքելության գործունեությունը Հայաստանում ժողովրդավարության հետ որևէ կապ չունի և հետապնդում է քաղաքական այլ նպատակներ»,- մասնավորեցրել է թեկնածուն:
Վերջինս նաև հայտարարել է. «ԵԱՀԿ անդամ պետություններում ժողովրդավարական ընտրությունների անցկացման վերաբերյալ գոյություն ունեցող պարտավորությունները» փաստաթղթի 6.4-րդ կետի համաձայն` պետությունը մերժում է թեկնածուի գրանցումը, երբ նա կամ իր կողմից ներկայացված կուսակցությունը խախտում է սահմանադրությունը, ըստ էության` զեկույցից պարզ է դառնում, որ դիտորդական առաքելությունը անտեսում է Հայաստանի ամբողջ հանրությանը հայտնի փաստը, որ 10 տարուց ավելի Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունը իրականացրել է հակասահմանադրական գործողություններ, բաժանում է ընտրակաշառք և հարկադրում է քաղաքացիներին քվեարկել»: