Ոստիկանությունը որոնում է մինչև ատամները զինված ու դիմակավորված Կոտայքի մարզում ավազակային հարձակում կատարած անձանց (լուսանկարներ)
Փետրվարի 10-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում 5 անհայտ անձիք, դիմակավորված և ինքնաձիգերով ու ատրճանակներով զինված, ներս են մտել Երևան-Սևան ավտոճանապարհի 18/1 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող տուն և հրազենների գործադրմամբ բռնություն գործադրել այնտեղ գտնվող անձանց նկատմամբ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծեծի են ենթարկվել 46-ամյա Ռոբերտ Մնացականյանը, 68-ամյա Շուշանիկ Հովհաննիսյանը և նրանց հարսները՝ Էմման և Արմինեն։ Հանցագործները, ծեծի ենթարկելով նշված անձանց, ռետինե կպչուն ժապավեններով կապել են նրանց ձեռքերն ու ոտքերը, բերանները ու տունը տակնուվրա արել, որտեղից հափշտակել են գումար և հեռացել։
Այս պահին ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկնապետ Գրիշա Բադալյանի և Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի, և Կոտայքի քննչական բաժանմունքի քննչական խմբերը՝ քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի, քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև փորձագետն ու քրեագետը։
Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հրանտ Ասրյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 175 (ավազակային հարձակում) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։