«Lamborghini»-ն կներկայացնի երբևէ թողարկված ամենահզոր մոդելը
Մարտին Ժնևում կայանալիք ավտոցուցադրության ժամանակ «Lamborghini»-ն պատրաստվում է ներկայացնել ընկերության կողմից երբևէ արտադրված ամենաարագընթաց ավտոմեքենան: Լյուքս դասի այդ ավտոմեքենան նվիրված է լինելու «Lamborghini» ապրանքանիշի 50-ամյակին: Այդ առթիվ ընկերության մասնագետները որոշել են ստեղծել աննախադեպ ավտոմեքենա, որը կդառնա «Lamborghini»-ի պատմության ընթացքում թողարկված ամենաշքեղ ու արագընթաց մոդելը: «Այս ավտոմեքենան մեծ անակնկալ կլինի բոլորի համար: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարմացնել ավտոաշխարհին»,- հայտարարել է «Lamborghini»-ի գլխավոր դիզայներ Ֆիլիպպո Պրինին:
«Lamborghini»-ի նոր սուպերքարը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի ընկերության առաջնեկի` «Aventador»-ի հիմքի վրա: Արդեն հայտնի է, որ նոր մոդելն ավելի հզոր կլինի, քան 100 կմ/ժ-ն՝ 2.5 վայրկյանում զարգացնող և առավելագույնը 320 կմ/ժ արագությամբ «Sesto Elemento»-ն: Ի տարբերություն «Sesto Elemento»-ի՝ «Lamborghini»-ի նոր մոդելը կթույլատրվի վարել հանրային օգտագործման ավտոճանապարհներին: Ենթադրվում է, որ նոր մոդելը կթողարկվի 10 օրինակով: Ժնևում «Lamborghini»-ի հիմնական մրցակիցները կլինեն այնպիսի մոդելներ, ինչպիսիք են «Enzo» մոդելի բազայի վրա պատրաստված իտալական «Ferrari»-ն, բրիտանական «McLaren P1»-ը, ինչպես նաև՝ «Pagani» ապրանքանիշի լյուքս դասի ավտոմեքենան: