Երևանի կենդանաբանական այգին հաստատում է, որ շները հոշոտել են 3 մուֆլոններին
168.am-ի տեղեկությունները, որ երեկ գիշեր կենդանաբանական այգում շները հոշոտել են 3 մուֆլոններին՝ հաստատեցին նաև Երևանի կենդանաբանական այգուց: Կենդաբանական այգու տնօրինությունը դարձյալ ինչ-ինչ «հիմնավորումներ» է փորձում բերել կենդանիների հոշոտման, սատկելու փաստերի վերաբերյալ, սակայն դրանք, մեղմ ասած՝ այնքան էլ արժանահավատ չեն: «Այգին ցավում է այս տխուր պատահարի համար, քանի որ մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Այնուամենայնիվ, անցած տարի մեկնարկած վերարտադրման ծրագիրը, որը նպատակ ունի վայրի բնության համար մուֆլոններ բազմացնելու, հաջողությամբ շարունակվում է՝ չնայած երեք կենդանիների կորստին»,- ասված է Կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ: Ըստ էության՝ այսպիսով՝ կենդանաբանական այգու ներկայիս ղեկավարությունը համարում է, որ իրենց ծրագիրը հաջողություն ունի՝ «չնայած երեք կենդանիների կորստին»: Սա իսկապես զավեշտալի է:
Իսկ Կենդանաբանական այգու տարածած տեղեկատվության մեջ ասված է.
«Փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երևանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել էին Մուֆլոնների ազատավանդակ և սպանել երեք կենդանի: Այգին ցավում է այս տխուր պատահարի համար, քանի որ մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է: Այնուամենայնիվ, անցած տարի մեկնարկած վերարտադրման ծրագիրը, որը նպատակ ունի վայրի բնության համար մուֆլոններ բազմացնելու, հաջողությամբ շարունակվում է՝ չնայած երեք կենդանիների կորստին:
Մուֆլոնների ազատավանդակը գտնվում է զառիթափի վրա, որը սահմանակից է թփերով, ժայռերով և ծառերով շրջապատված մի վայրի տարածքի: Այս տարածքում բնակվում են վայրի շներ, որոնք հավանաբար ընտրել են հենց այս տարածքը նրա դժվար հասանելիության պատճառով: Այգին արդեն դիմել է «ՅունիգրաֆԻքս» ընկերությանը՝ միջոցներ ձեռնարկել խնդիրը հրատապ լուծելու համար:
Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեց այգու վնասված ցանկապատերի վերանորոգումը, այնուամենայնիվ հիմնական խնդիրը կարող է լուծվել միայն հին ցանկապատերի ամբողջովին նորերով փոխարինելու դեպքում: Կենդանաբանական այգու կենդանիների անվտանգությունը ապահովելու համար նոր տարածքների կառուցումը և այգու սահմանների ճշգրտումը գլխավորում են այգու առաջիկա ամիսների անելիքների ցուցակը»: