Բաժիններ՝

Սթիվ Վոզնյակ. Apple-ը պարտվում է Samsung-ի հետ «սմարթֆոնների» պատերազմում

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այն կարծիքին է, որ ամերիկյան հսկան, չնայած սմարթֆոնների շուկայում գրանցած տպավորիչ հաջողություններին, պարտվում է հարավկորեական Samsung ընկերության հետ պատերազմում, որն ուղղված է շուկայում գերիշխող դիրք ունենալուն: Apple-ի համահիմնադիրն այս մասին ասել է գերմանական «Wirtschafts Woche» ամսագրին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ Apple-ը ֆունկցիաների քանակով ակնհայտորեն հետ է մնում սմարթֆոնների շուկայում: Ուրիշներն արդեն ակտիվորեն առաջ են շարժվում և առաջ են անցնում: Samsung-ը խոշոր մրցակից է, հենց դա է պատճառը, որ այն հրաշալի ապրանքներ է ստեղծում»,- ասել է Ս. Վոզնյակը՝ որպես պատասխան՝ մեկնաբանելով Apple-ի վերջին վաճառքների արդյունքների մասին հարցը:

Նա նաև նշել է, որ միլիոնավոր երկրպագուներն ամբողջ աշխարհում կշարունակեն աջակցել Apple-ին, սակայն ընկերությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի չկորցնի այդ աջակցությունը:

Ըստ Strategy Analytics հետազոտական ընկերության, 2012թ.-ի տվյալներով՝ Apple ընկերության արտադրատեսականին սմարթֆոնների շուկայում 46% աճ է գրանցել. ընկերությանը հաջողվել է վաճառել մոտ 136 մլն սարքավորում և գրավել շուկայի 19% մասնաբաժինը: Samsung-ը 2012թ.-ին ամրապնդել է առաջատարի իր դիրքերը համաշխարհային շուկայում՝ գրավելով շուկայի մասնաբաժնի 30%-ը՝ վաճառելով 213 մլն սմարթֆոն:

Տեղեկացնենք, որ Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը Apple ընկերությունը հիմնադրել են 1976թ.-ին: Նրանք արագ հարստացան. Apple-ի IPO-ն 1980թ.-ին այն ժամանակ ամենահաջողներից մեկն էր ողջ ամերիկյան շուկայի պատմության մեջ: 1981թ.-ին Վոզնյակն ինքնաթիռի վթարի ենթարկվեց և այլևս դադարեց նշանակալի դեր խաղալ Apple ընկերության զարգացման գործում: Այդ ժամանակվանից սկսած Apple-ի «շարժիչը» դարձավ Ջոբսը: Վոզնյակն առաջվա նման  Apple ընկերության աշխատակիցների թվում է: Նա այդ ընկերության արտադրանքի նվիրյալ երկրպագուն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս