Քրեակատարողական հիմնարկից սպառնացել է հրապարակել կանանց մերկ լուսանկարները
«Փաստինֆո» լրատվական գործակալությունը վերջերս (26.01.20132.) անդրադարձել էր որոշ քրեակատարողական հիմնարկների առանձին կալանավորների կողմից թմրամիջոցների անարգել շրջանառության ու նույնիսկ վերավաճառքի խնդրին: Պարզվում է, հիշյալ հիմնարկներից միայն դա չէ, որ կարողանում են հաջողությամբ իրականացնել: Մի շարք կալանավորներ կարողանում են դյուրակիր համակարգչով կամ հեռախոսով մուտք գործել համացանց, ծանոթություններ հաստատել ինչ-ինչ աղջիկների կամ կանանց հետ, հետո շանտաժով նրանցից պոկել խոշոր գումարներ և արժեքավոր իրեր:
Շորթման մեղադրանքով կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել Երևանի բնակիչ Սարգիս Գաբրիելյանը: Ավելի վաղ նա դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Գաբրիելյանը պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկում, 2012թ. ապրիլի 25-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երևանի բնակչուհի Վարդիթերի հետ, նախ ճշտել է վերջինիս բջջային հեռախոսահամարը: Այնուհետև վերջինից բջջային հեռախոս և կանխիկ գումար շորթմամբ հափշտակելու դիտավորությամբ, հեռախոսային խոսակցությունների ժամանակ և բջջային հեռախոսից «sms» հաղորդագրություններ ուղարկելու միջոցով Վարդիթերին սպառնացել է նրա մասին արատավորող տեղեկություներ հրապարակել: Մասնավորապես` ներկայացրել է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում եղած նրա նկարները նույն ցանցում մերկ ցուցադրելու, ինչպես նաև ազատության մեջ գտնվող իր ընկերների միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ և դրանց միջոցով 29.04.2012թ.-10.05.2012թ. ժամանակահատվածում մի քանի անգամ, տարբեր պատրվակներով, Վարդիթերից ստացել է ընդհանուրը 364 000 դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս և կանխիկ գումարներ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ս. Գաբրիելյանը 29.04.2012թ. բնակչուհուց պահանջել և ստացել է 35 000 դրամ, 01.05.2012թ. գործով չպարզված անձի միջոցով 45 000 դրամ կանխավճար ուղարկելով, պահանջել և ստացել է 210 000 դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս, որը Վարդիթերը ապառիկ պայմաններով գնել է «Բիլայն» բջջային օպերատորի կենտրոնից, 02.05.12թ պահանջել և ստացել 120 000 դրամ, 03.05.12թ պահանջել և ստացել է 55 000 դրամ, 04.05.12թ. պահանջել և ստացել է 4000 դրամ: Այնուհետև շարունակելով իր հանցավոր միասնական դիտավորությունը 08.05.12թ պահանջել և ստացել է 20.000 դրամ կանխիկ գումար, իսկ 2012թ. մայիսի 10-ին` 20 000 դրամ:
Բացի վերոնշյալից, Սարգիս Գաբրիելյանը 17.05.12թ. համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով Երևանի մեկ այլ բնակչուհու` Տաթևիկի հետ, ճշտելով վերջինիս բջջային հեռախոսահամարը, նույն կերպ ու նույն դիտավորությամբ, Տաթևիկին Ռազմիկ Բաբայանի միջոցով 23.05.12թ., ապառիկ ձևակերպելու համար որպես կանխավճար մուծելու նպատակով, ուղարկել է 62 200 դրամ գումար և վերոնշյալ սպառնալիքների ներքո պահանջելով ստացել է 301 000 դրամ արժողությամբ «Նոկիա N9» տեսակի բջջային հեռախոս, որը Տաթևիկին ապառիկ պայմաններով գնել է «Բիլայն» բջջային օպերատորի կենտրոնից, վերջինիս պարտք մնալով 240 000 դրամ:
Շարունակելով իր միասնական դիտավորության իրագործումը, Սարգիս Գաբրիելյանը 24.05.12թ. Տաթևիկի հետ հեռախոսային զրույցի ժամանակ պահանջել է ևս 250 000 դրամ կանխիկ գումար և 15 000 դրամի բջջային հեռախոսի լիցքավորում, սակայն Տաթևիկ Զաքարյանը չկատարելով պահանջը, դիմել է ոստիկանություն: Այսպիսով Սարգիս Գաբրիելյանը Տաթևիկին ներկայացրել է ընդհանուրը 505 000 դրամ արժողությամբ գույքի և կանխիկ գումարի պահանջ` նպատակ ունենալով շորթման եղանակով հափշտակել այն: