Նպատակն ամրոցի պաշարումն է

«Եթե ամրոցի վրա գրոհն ինչ-ինչ պատճառներով հաջողությամբ չի պսակվում, ապա հարկավոր է սկսել նրա պաշարումը: Կարծում եմ` սա է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին նախաձեռնության նպատակը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը` անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ անվանումով նոր կուսակցության ստեղծման մասին հայտարարությանը:

«Կարծում եմ, որ նոր կուսակցությունը արագորեն կկազմակերպվի և ակտիվորեն կմտնի քաղաքական պայքարի դաշտ: Ինչ վերաբերում է կուսակցության որդեգրելիք գաղափարախոսությանը, ապա ենթադրում եմ, որ այն մեծ տարբերություններ չի ունենա ՀՀՇ-ի ազատական գաղափարախոսությունից: Տա աստված, որ այս նոր նախաձեռնությունն արագ հավաքի այն նույն թափը, որը տեսանք 2007-2008 թվականներին»,- ավելացրել է Ե. Աբգարյանը` նշելով, որ ՀԱԿ կուսակցության ստեղծմամբ, բնականաբար, ՀԱԿ-ը` որպես դաշինք, այլևս գոյություն ունենալ չի կարող:

Ե. Աբգարյանը, սակայն, դեռևս պատրաստ չէ պատասխանել հարցին, թե արդյոք որպես ՀՀՇ վարչության անդամ` կանդամագրվի՞ այդ կուսակցությանը, թե՞ ոչ: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը երեկ հայտարարել էր, թե իրենք դեմ են ՀՀՇ-ի լուծարմանը: «Այդ տարբերակը կնշանակի` գիծ գցել քո անցյալի և ապագայի միջև: Դա նշանակում է` քո բոլոր պարտավորությունները և պարտականությունները` ծրագրային, քաղաքական, իրավաբանական, մի կողմ ես դնում և անցնում ես նոր գծի»,- ասել էր նա: Ե. Աբգարյանը, Անդրադառնալով Ա. Մանուկյանի հայտարարությանը` ասել է. «Դժբախտաբար, դա զուտ տրամաբանորեն, համարյա անխուսափելի է, բայց պետք է սպասել և տեսնել, թե ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր դրա բացառումը: Այդ հարցը դեռ քնարկվելու է»:

«168 ԺԱՄ»

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս