Վարդան Սեդրակյանը չի ասում՝ Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվածներն իր հարևաննե՞րն են, թե՞ ոչ
ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 46-ամյա Խաչատուր Պողոսյանի և 40-ամյա Սամվել Հարությունյանի հարևանն է: Ավելին՝ կասկածյալներից մեկը՝ Սամվել Հարությունյանը, եղել է թեկնածուի տունը վերանորոգող շինարարական խմբի անդամներից:
168.am-ը Վարդան Սեդրակյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում տարածված լուրերը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նա ասաց. «Քանի դեռ նախաքննություն է ընթանում, այս հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն չունեմ»:
Մեր ճշտող հարցին՝ հիմա կասկածյալները Ձեր հարևանները չե՞ն, թեկնածուն պատասխանեց. «Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին. քանի դեռ նախաքննություն է ընթանում որևէ մեկնաբանութուն չունեմ»:
Հարցին, թե մտահոգություն չունե՞ք, որ հարցաքննության կկանչեն նաև Ձեզ, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Ոչ: Երբ կկանչեն այդ ժամանակ կխոսենք: Ինձ առայժմ որևէ մեկը չի զանգահարել, որևէ բան չի ասել»:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին ուղղված երկու կրակոցից հետո փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, Պ. Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966 թվականին ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972 թվականին ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը, ովքեր ԱԱԾ-ի փոխանցմամբ խոստովանական ցուցմունքներ տվել: