Մարգինալ ուժերով

Որևէ իրողություն ՀՀ նախագահական ընտրությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող, այդ թվում` ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցները: Այս մասին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա համոզմամբ` «Նախագահական այս ընտրությունները բեմադրված են Սերժ Սարգսյանի կողմից: Հիմնական քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին, իսկ Սերժ Սարգսյանը «կռիվ է տալիս» շատ մարգինալ քաղաքական ուժեր ներկայացնող թեկնածուների դեմ: Ես թեկնածուներին նսեմացնել չեմ ուզում: Խոսքը քաղաքական այն հենարանի մասին է, որը կանգնած է թեկնածուների հետևում: Իսկ այս թեկնածուների հետևում որևէ ուժ կանգնած չէ, բացի մարգինալ ուժերից` լավագույն դեպքում մարդ-կուսակցություներից»:

Ըստ Լ. Զուրաբյանի` նշյալ պարագայում, երբ «ոչինչ չի կարող մարտահրավեր նետել կեղծարար մեքենային, ռեժիմը փետրվարի 18-ին` որպես ընտրությունների արդյունք, կգրի այն թվերը, որը կցանկանա»:

Լևոն Զուրաբյանի համոզմամբ` նախագահի ընտրություններին առաջադրված թեկնածուները չեն քննադատում գործող նախագահ Սերժ Սարգսյանին. «Եթե նկատել եք, առաջադրված ուժերը Սերժ Սարգսյանին առանձնապես չեն քննադատում, այլ մրցակցում են իրար հետ, թե ո՞վ ավելի կոռեկտ, ավելի բարեհամբույր կգտնվի Սերժ Սարգսյանի նկատմամբ: Սրա բացատրությունը հետևյալն է` նրանք հասկանում են, որ իրենց վերջնական արդյունքը գրելու է Սերժ Սարգսյանը»,- մասնավորեցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` ավելացնելով, որ այդ թեկնածուները մրցակցում են ոչ թե ժողովրդի ձայնը, այլ գործող նախագահի աջակցությունը ստանալու համար:

Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ շրջանառվող վարկածներին, Լ. Զուրաբյանը ընդգծեց, որ անլուրջ է համարում քաղաքական այն ուժերին, որոնք շտապել են թեմայի շուրջ հանդես գալ վարկածների մասին հայտարարություններով: «Այդ ուժերը պարզապես ծիծաղելի վիճակում հայտնվեցին, որովհետև ինֆորմացիաները շատ հակասական են: Իսկ շրջանառվող վարկածներն էլ հերքվում են հենց ընթացքում: Իրենց քաղաքական լուրջ ուժ համարելով` մարդիկ հայտարարություններ են արել, որ միջադեպը պետականությանն է դեմ կամ կենցաղային հողի վրա է արվել և այլն: Սա անլուրջ է»,- մասնավորեցրեց նա:

Կարդացեք նաև

Ըստ Լևոն Զուրաբյանի` կատարվածին միայն մեկ գնահատական կարելի է տալ` հանցագործություն, որը պետք է բացահայտվի. «Ընդ որում, եթե Հայաստանի իշխանությունները չեն բացահայտում կատարված հանցագործությունը, ապա այն գնալով ստվերում է ընտրությունները: Կա՛մ իրենք գիտեն` ի՞նչ է կատարվել, բայց թաքցնում են, կա՛մ իրենք են սրա հետևում կանգնած, կա՛մ իսկապես անընդունակ են որևէ բան անելու: Ամեն դեպքում գործի պատասխանատվությունը իշխանութան վրա է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտված չէ»:

Մեր հարցին, թե տարօրինակ չէ՞ր, որ միջադեպի գիշերը, երբ դեռ անգամ Պարույր Հայրիկյանը որևէ վարկած չէր հրապարակել, հիվանդանոց այցելած քաղաքական գործիչները միաբերան պնդում էին, որ կրակոցներն ուղղված են Հայաստանի պետականության դեմ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ուրեմն ինչ-որ բան գիտեն, բայց թաքցնում են: Եթե գիտեն` թող ավելի բաց տեքստով ասեն, որ սա հարված է պետականության դեմ»:

Ի՞նչն էր պատճառը, որ ՀԱԿ առաջնորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը, չայցելեց Պարույր Հայրիկյանին: «Ամեն ինչի համար պատճա՞ռ եք փնտրում: Իսկ դուք գնացե՞լ եք: Չգիտեմ` իսկապես լուրջ չեմ համարում այս հարցադրմանը պատասխան տալ»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս